Պաշտպանության նախարարությունը պատասխանատվություն չի կրում Մարզահամերգային համալիրի տարածքում գործող iLounge սրճարանի նախկին վարձակալ Դավիթ Ծաղիկյանի գույքի համար: Նման պարզաբանում է տվել ՊՆ մամուլի ծառայությունը՝ NEWS.am-ում տեղադրված «Քաղաքացին չի կարողանում հետ ստանալ իր գույքը ՊՆ-ից. նա մտադիր է նախագահականի մոտ նստացույց սկսել» վերնագրով հրապարակման առնչությամբ:
«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ քաղաքացի Դ. Ծաղիկյանը հավանաբար պայմանագրային հարաբերությունների մեջ է եղել Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի նախկին սեփականատեր «ԲԱՄՕ» ՍՊԸ-ի հետ, իսկ վերջինս դատական կարգով ճանաչված է սնանկ, քաղաքացի Դ. Ծաղիկյանի բարձրացված հարցը ենթակա է լուծման բացառապես «Սնանկության մասին» 2006թ. դեկտեմբերի 27-ի ՀՀ օրենքի շրջանակներում»,- ասվում է ՊՆ հաղորդագրությունում:
Ինչ վերաբերում է վերջերս ստեղծված «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» ՊՈԱԿ-ին, ապա վերջինը, ըստ ՊՆ պարզաբանման, չի հանդիսանում Մարզահամերգային համալիրի նախկին սեփականատեր «ԲԱՄՕ» ՍՊԸ-ի իրավահաջորդը, հետեւաբար եւ չի կրում որեւէ պատասխանատվություն դրա գործունեության համար:
Նշենք, որ Դավիթ Ծաղիկյանը, որ ՊՆ-ին մեղադրում է իր գույքն օգտագործելու մեջ, երեկ` հուլիսի 16-ին փորձում էր նստացույց սկսել նախագահի նստավայրի դիմաց` պահանջով, որ Պաշտպանության նախարարությունը, որի իրավասությանն է հանձնվել ՄՀՀ–ը, վերադարձնի սրճարանի` իրեն պատկանող գույքը։
NEWS.am–ի հետ զրույցում Դավիթ Ծաղիկյանը պատմել էր, որ 2009թ-ից ՄՀՀ տնօրինությունից վարձակալել է տարածք և ապահովելով տարածքը համապատասխան սարքավորումներով, հիմնել iLounge սրճարանը։ 2014թ. ամռանը համալիրը ՊՆ իրավասությանը հանձնելուց հետո նրան այլեւս թույլ չեն տվել սրճարանն աշխատեցնել, գույքի վրա արգելանք է դրվել։
Դավիթ Ծաղիկյանն արդեն մի քանի ամիս չի կարողանում հետ ստանալ իրեն պատկանող գույքը, մինչդեռ նրա տեղեկություններով` ՄՀՀ ներկայիս ղեկավարությունն իր գույքը մինչեւ այսօր շարունակում են օգտագործել եւ եկամուտ ստանալ։
Դավիթ Ծաղիկյանի խոսքով` թեեւ ԴԱՀԿ-ը, ֆինանսների և պաշտպանության նախարարությունները արձանագրել են, որ iLounge սրճարանի տարածքում գտնվող գույքը իր սեփականությունն են, սակայն ինքը դեռևս չի կարողանում հետ ստանալ դրանք։ Գործով դատական նիստերն անընդհատ հետաձգվում են, ինչում Դավիթ Ծաղիկյանը միտում է տեսնում։




























