ԼՂՀ զորամասերից մեկի մարտական դիրքում ականազերծման աշխատանքներ կատարելիս 20-ամյա Արման Ղուկասյանը ծառայակիցների կողմից սպանվել է թյուրիմացության պատճառով: Այս մասին այսօր՝ հուլիսի 17-ին Վերաքննիչ դատարանում ասաց առաջին ատյանի դատարանի կողմից է 3 տարվա ազատազրկման դատապարտված, դիրքի ավագ Գեւորգ Հակոբյանը՝ պահանջելով, որ դատարանը թույլ տա իրեն պատիժը կրել ազատության մեջ։ Նրա խոսքով` ինքը սխալ է հասկացել Արմանին, այդ պատճառով դիտորդ զինծառայողներն անտեղյակ են եղել, որ Արմանը աշխատանքեր է անցկացնելու դիրքում եւ հակառակորդի հետ շփոթելով` կրակ են բացել նրա ուղղությամբ:
«Դեպքի օրը ես տեղեկացված եմ եղել, որ Արմանը եւ մեկ այլ զինծառայող ականազերծման աշխատանքներ են իրականացնելու դիրքում, զգուշացրել եմ մյուս զինվորներին: Իրենց ժամը 23:00-ի սահմանում տեսա, հարցրի՝ ավարտել են, թե ոչ, պատասխանեցին, որ գործը չեն վերջացրել, պետք է շարունակեն: Ես հասկացել եմ, որ նույն տեղը պետք է աշխատեն: Բայց փաստորեն իրենք գնացել էին այլ մասում աշխատելու, ինչի մասին զինվորները զգուշացված չէին եղել: Ավագ դիտորդն էլ ինձ չի զեկուցել, որ ուրիշ տեղ են գնացել աշխատելու»,- ասաց Գեւորգ Հակոբյանը:
Դատական նիստին ներկա էին նաեւ Արման Ղուկասյանի ծնողները, որոնք նշեցին, որ դեմ չեն լինի, եթե Գեւորգը պատիժը ազատության մեջ կրի:
«Ես հասկանում եմ, որ իմ որդու մահը դիտավորյալ չի եղել: Ինքն իր տույժը ազատության մեջ կրի, թե ազատազրկման, դա որդուս ոչինչ չի տալու: Գիտեմ, որ ինքը մեղավոր չի, բայց ես իմ որդուն եմ կորցրել»,- դատարանում ասաց Արման Ղուկասյանի մայրը՝ Ալվարդ Ղուկասյանը:
Արման Ղուկասյանի ծնողները նշեցին, որ ոչ մի պահանջ չունեն Գեւորգից, ավելին՝ նա հայտնել է, որ պատրաստ է օգնել իրենց Արմանի հիշատակին հուշաղբյուր կառուցելու համար:
Նշենք, որ Գևորգ Հակոբյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 365-րդ հոդվածի 3-րդ մասով: Նրա մեղքն ապացուցված է համարվել այն բանում, որ եղել է դիրքի ավագ, իմացել է, որ դիրքում զինծառայողներն իրականացնելու են ականազերծման աշխատանքներ, սակայն նրանց չի ուղեկցել առաջնագիծ ու իրավիճակին ամբողջությամբ չտիրապետելով դիտորդի պարտականություններ ստանձնած զինծառայողներ Հայկ Խաչատրյանին և Արմեն Միքայելյանին լիարժեք չի հրահանգավորել: Դրա հետեւանքով երբ զինծառայողները նկատել են կռացած դիրքով ինչ-որ առարկայով խրամուղի մտնող մարդկանց, որոնք իրենց հնչեցրած նշանաբառին պատասխան չեն տվել, ենթադրել են, որ նրանք հակառակորդի զինված դիվերսիոն խմբի անդամներ են եւ կրակահերթ են արձակել նրանց ուղղությամբ: Արման Ղուկասյանը գլխի շրջանում ստացել է հրազենային վիրավորում և տեղում մահացել է, իսկ կապիտան Վարազդատ Զաքարյանը վնասվածք է ստացել ոտքերի զույգ ազդրերի շրջանում:




























