Բրյուսելում հուլիսի 17-ին տեղի է ունեցել Արդարադատության, ազատության եւ անվտանգության ոլորտում համագործակցության հարցերով ԵՄ-ՀՀ ենթակոմիտեի նիստը։ ՀՀ միջգերատեսչական պատվիրակության կազմում, որը գլխավորել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Վիգեն Քոչարյանը, ընդգրկված են եղել ՀՀ ոստիկանության, ՀՀ ազգային անվտանգության ծառայության եւ ՀՀ գլխավոր դատախազության, ՀՀ արտաքին գործերի նախարարության եւ ՀՀ ՏԿ ԱԻՆ միգրացիայի պետական ծառայության ներկայացուցիչները։
ԵՄ-ՀՀ ենթակոմիտեի նիստում բազմակողմանի քննարկման առարկա է դարձել երկկողմանի համագործակցությունը այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են՝ դատաիրավական բարեփոխումները, միջազգային իրավական օգնությունը քրեական եւ քաղաքացիա-իրավական ոլորտում, միգրացիան եւ սահմանային անվտանգության ապահովումը, վիզային ռեժիմի դյուրացումը եւ հետընդունման համաձայնագրի կատարումը, կազմակերպված հանցավորության դեմ պայքարը՝ այդ թվում մարդկանց թրաֆիքինգի եւ շահագործման, ահաբեկչության, թմրանյութերի անօրինական շրջանառության, փողերի լվացման դեմ պայքարը, հակակոռուպցիոն քաղաքականության իրագործումը եւ այլ հարցեր։
Պատվիրակության ղեկավար, ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Վիգեն Քոչարյանը եվրոպական կողմի խնդրանքով հանգամանալից ներկայացրել է ՀՀ-ում սահմանադրական բարեփոխումների գործընթացը, անդրադարձել է վերջին շրջանում հասարակական-քաղաքական զարգացումների վերաբերյալ եվրոպական գործընկերների բազմաթիվ հարցադրումներին։
Ամփոփելով արդարադատության, ազատության եւ անվտանգության ոլորտում համագործակցության հարցերով ԵՄ-ՀՀ ենթակոմիտեի աշխատանքները՝ նախարարի տեղակալ Վիգեն Քոչարյանը գոհունակություն է հայտնել երկկողմանի համագործակցության համար, ընդգծել համատեղ նախագծերի եւ եվրոպական կառույցների տեխնիկական աջակցության կարեւորությունը, ինչպես նաեւ ներկայացրել է ապագա համատեղ գործողությունների հեռանկարները։





























