Գյումրիում հոսանքի թանկացման դեմ պայքարող ակտիվիստների դեմ հարուցված քրեական գործի շրջանակներում վկաներին երեկ՝ հուլիսի 17-ին, կանչել են հարցաքննության: Այս մասին հայտնեցին NEWS.am-ի աղբյուրները: Այժմ ակտիվիստները եւ փաստաբանները սպասում են դատախազության պատասխանին, նրանք միջնորդություն էին ներկայացրել քրեական գործը կարճելու, քրեական հետապնդումը դադարեցնելու մասին: Մեզ հասած տեղեկություններով՝ ամենայն հավանականությամբ Կարեն Պետրոսյանին առաջադրված մեղադրանքը կկարճվի: Այդ մասին թերեւս հայտնի կդառնա առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում:
Ավելի վաղ հայտնել էինք, որ հուլիսի 8-ին հոսանքի թանկացման դեմ Գյումրիի խաղաղ նստացույցի մասնակիցները հաղորդագրություն էին տարածել, որով իշխանություններին ժամանակ էին տվել կարճել ակտիվիստ Կարեն Պետրոսյանի նկատմամբ հարուցված ապօրինի քրեական գործը: Հուլիսի 14-ին լրացել էնրանց տված վերջնաժամկետը, այն երկարացրել են եւս 10 օրով: Կարեն Պետրոսյանը էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ պայքարող ու նստացույց հայտարարած գյումրեցի ակտիվիստներից է, ում հունիսի 23-ին բերման էին ենթարկել ոստիկանական Կումայրիի բաժին, ապա մեղադրանք առաջադրել՝ խուլիգանության հատկանիշներով:





























