Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը եւ Երեւանի Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Հրայր Անտոնյանը այցելել են Հանքավանի «Արագած» ամառային ճամբար հանգստի մեկնած դպրոցականներին, որոնցից 30-ը Արաբկիր վարչական շրջանի բնակիչներ են:
Երեւանի քաղաքապետարանից հայտնում են, որ Արաբկիր վարչական շրջանի ղեկավարը հոգացել էր, որ ճամբարական երեխաներին այցելեն նաեւ նրանց ծնողները։
ՀՀ կառավարության՝ դպրոցականների ամառային հանգստի կազմակերպման ծրագրի երկրորդ փուլին «Արագած» ճամբար է մեկնել 425 երեխա՝ Երեւանից, Հայաստանի տարբեր մարզերից, Ջավախքից ու ԼՂՀ-ից։ Ճամբարականները հյուրերին դիմավորել են Վարդավառի տոնին նվիրված միջոցառման կրկնությամբ՝ երգելով ու մարզական մրցութային խաղերով։
«Սիրելի՛ երեխաներ, շնորհակալ ենք հետաքրքիր օրվա համար, որ մեզ պարգեւեցիք։ Ձեր ոգեւորությունը ամենավառ ապացույցն է, որ ճամբարում օրերը հետաքրքիր են անցնում։ Բացի ձեզ ճամբարներ ուղարկելը, Երեւանի քաղաքապետը հանձնարարել է նաեւ ամենօրյա հսկողության ու հոգածության տակ առնել ձեզ, ինչը չէր կարող լիարժեք լինել` առանց ծնողների մասնակցության»,- նշել է Հրայր Անտոնյանը եւ Երեւանի քաղաքապետի անունից նվերներ հանձնել ճամբարի բոլոր երեխաներին։
Ծնողներն իրենց գոհունակությունն են հայտնել ճամբարի պայմանների, ինչպես նաեւ երեխաներին այցելելու ընձեռված հնարավորության համար։
Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանն այցելել է նաեւ «Արագած»-ին հարեւան ճամբարներ՝ հետեւելու կարգուկանոնին ու ծանոթանալու երեխաների առօրյային։ Ամենօրյա հսկողության նպատակով Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի մի քանի վարչությունների պետեր, ինչպես նաեւ Երեւանի վարչական շրջանի ղեկավարները պարբերաբար այցելում են Ծաղկաձորի ու Հանքավանի ամառային ճամբարներ։
Հիշեցնենք, որ ծրագրի շահառու երեխաները տարբեր սոցիալական խմբերից են՝ հաշմանդամ դարձած զինծառայողների, ծնողազուրկ ու սակավ ապահովված բազմազավակ ընտանիքների դպրոցահասակ 4500 երեխաներ՝ ողջ Հանրապետությունից։ Ծրագիրն իրականացվում է ՀՀ բյուջեի միջոցներով, իսկ երեւանաբնակ երեխաների ցուցակագրումը եւ տեղափոխումը կազմակերպում է Երեւանի քաղաքապետարանը։




























