Ֆիլիպիններում ջրհեղեղի հետեւանքով առնվազն 4 մարդ է մահացել: Իշխանությունների տվյալներով, Ֆիլիպինների կենտրոնական եւ հյուսիսային շրջանների շուրջ 3 հազար բնակիչներ լքել են տները: Կառավարությունը կարգադրել է առավելապես տուժած շրջաններ մարդասիրական օգնություն ուղարկել:

Մեկ շաբաթ առաջ Ֆիլիպինների մի շարք շրջաններում ջրհեղեղները նվազագույնը 30 մարդու մահվան պատճառ են դարձել, մի քանի մարդ անհետ կորած է համարվում, հազարավորներն էլ ստիպված են եղել լքել տները:

Մայրաքաղաքային շրջանում, որում ներառված են Մանիլան եւ մի քանի խոշոր քաղաքներ, գրեթե ամբողջ շաբաթ դպրոցները փակ են եղել, բազմաթիվ փողոցներ հեղեղվել են, խափանվել է տրանսպորտային հաղորդակցությունը:

Ամեն տարի Ֆիլիպիններում, որի կազմում շուրջ 7 հազար կղզի կա, մինչեւ 27 թայֆուն եւ փոթորիկ է գրանցվում: