Ֆրանսիական Ալպերում կործանված Germanwings ընկերության օդանավի մի քանի ուղեւորների հարազատները բարոյական վնասի դիմաց հսկայական փոխհատուցում են պահանջում:
Ըստ Reuters գործակալության, փաստաբան Էլմար Ջեմուլլան ավիաընկերությանն ուղարկած նամակում նշում է, որ վեցանիշ թիվը նորմալ փոխհատուցում կլինի: Իրավաբանը ներկայացնում է ավիաաղետի հետեւանքով զոհված գերմանացի մի քանի ուղեւորների ընտանիքների շահերը:
Նշվում է, որ զոհվածների ընտանիքները հրաժարվել են 25 հազար եվրոյի չափով փոխհատուցումից, որը Germanwings-ն առաջարկել է զոհված բոլոր ուղեւորների հարազատներին:
Հիշեցնենք, որ Lufthansa-ի դուստր ձեռնարկություն Germanwings ավիաընկերության Airbus А-320 օդանավը, որը Բարսելոնայից Դյուսելդորֆ էր ուղեւորվում, կործանվել է մարտի 24-ին, ֆրանսիական Ալպերում: Օդանավում 150 ուղեւոր կար, բոլորն էլ զոհվել են: Lufthansa-group ապահովագրական կոնսորցիումը 300 մլն դոլար (շուրջ 275 մլն եվրո) է հատկացրել զոհերի ընտանիքների փոխհատուցում տրամադրելու համար:





























