Էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ պայքարող «Ոչ թալանին» նախաձեռնության անդամները հուլիսի 19-ին Երևանի կենտրոնական փողոցներում փակցրեցին հունիսի 23-ին Բաղրամյան պողոտայում նստացույցի մասնակիցների նկատմամբ բռնություն կիրառած քաղաքացիական համազգեստով ոստիկանների նկարները:
Ակցիային մասնակիցներից Դավիթ Զախարյանը NEWS.am-ի հետ զրույցում նշեց, որ ոստիկաններն իրենց փակցրած բոլոր նկարները հեռացրել են:
«Հետադարձին նկատեցինք, որ փակցված նկարները այլևս չկան, պոկել էին»,-նշեց Դավիթ Զախարյանը:
Նշենք, որ երկու օր առաջ շենքերի պատերին անհայտ անձինք փակցրել էին քաղաքացիական ակտիվիստների լուսանկարները՝ վիրավորական արտահայտություններով: Ակտիվիստների՝ կարծիքով՝ դա հունիսի 23-ին բռնություն կիրառած՝ քաղաքացիական համազգեստով ոստիկանների ձեռքի գործն էր:
Լուսանկարը՝ Մաքսիմ Սարգսյանի ֆեյսբուքյան էջից




























