Հուլիսի 19-ին Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է Իսպանիայի Կաթոլիկ Եկեղեցու թեմերի միջեկեղեցական հարաբերությունների ներկայացուցիչներին եւ ուխտավորներին` ուղեկցությամբ Մադրիդի եպիսկոպոսական ժողովի գլխավոր քարտուղար, Մադրիդի կարդինալի օգնական եպիսկոպոս Խուան Անտոնիո Մարտինեսի:
Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից հայտնում են, որ հանդիպմանը ներկա Մադրիդի հոգեւոր հովիվ Հոգեշնորհ Տ. Շնորհք աբեղա Սարգսյանը, Ամենայն Հայոց Հայրապետին ներկայացնելով ուխտավորներին, նշել է, որ Քույր Եկեղեցու ներկայացուցիչների համար շատ կարեւոր է Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչման տարում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում գտնվելը:
Երախտագիտության խոսք է ասել նաեւ եպիսկոպոս Խուան Անտոնիո Մարտինեսը, ով, ընթերցելով Մադրիդի եպիսկոպոսական ժողովի գրությունը, ընդգծեց, որ այս օրն Իսպանիայի Կաթոլիկ Եկեղեցու ուխտավորների համար մշտապես պիտի հիշվի, քանի որ նրանք հաղորդվելու են Հայ Եկեղեցու նվիրական արժեքներին եւ Մայր Տաճարում մասնակցելու են Ս. Պատարագի արարողությանը:
Այնուհետեւ Գարեգին Բ Ամենայն Հայոց Հայրապետն ուխտավորներին բերել է իր գնահատանքի եւ օրհնության խոսքը: Նորին Սրբությունը գոհունակությամբ շեշտել է այն, որ Քույր Եկեղեցիների հոգեւորական եւ աշխարհական ուխտավորները հայ ժողովրդի համար նվիրական տարում որոշում են կայացնում ուխտի գնալ Հայաստան եւ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին` իրենց հարգանքը բերելու ցեղասպանության ենթարկված հայ նահատակներին, ինչպես նաեւ բոլոր այն անձանց, ովքեր ի սեր Քրիստոսի կամավորաբար հանձն առան մարտիրոսության սուրբ պսակը:
Գոհունակ սրտով վերհիշելով Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի առիթով Վատիկանում Հռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս Պապի մատուցված սուրբ եւ անմահ Պատարագի արարողությունը` Նորին Սրբությունն ընդգծել է, որ սուրբ նահատակները բոլորին են պատկանում, քանի որ նրանք հավատքի վկաներն են եւ պանծացնում են Հիսուս Քրիստոսի հիման վրա կառուցված եկեղեցիները:
Հանդիպմանը ներկա է եղել Մայր Աթոռ Սուրբ էջմիածնի Միջեկեղեցական հարաբերությունների բաժնի տնօրեն Հոգեշնորհ Տ. Շահե վարդապետ Անանյանը:





























