Սպանության փորձի համար 12 տարվա ազատազրկման դատապարտված Վռամ Գյոզալյանի հարազատները բողոքում են, որ Վռամին անհիմն կերպով դատապարտել են չարած արարքի համար: Դատապարտյալի ծնողները, որոնք այսօր`հուլիսի 20-ին, իրենց բողոքը ներկայացնող նամակ հանձնեցին նախագահական նստավայր, NEWS.am-ի հետ զրույցում պատմեցին, որ 2013թ. հուլիսին իրենց որդուն մեղադրանք է առաջադրվել մարմնական վնասվածք հասցնելու համար, իսկ 6 ամիս անց մեղադրանքը վերաորակվել է սպանության փորձի:
«Իմ որդին սովորել է համալսարանում, թե այնտեղ, թե բանակում արտակարգ վարք է ունեցել, ոչ մեկի հետ խնդիր չի ունեցել։ Տուժողը չի բողոքել, ոչ մի պահանջ չունի: Ինքն ընդունում է, որ մարմնական վնասվածք է հասցրել, ու դրա համար թող պատժվի, բայց աշխարհում նման օրենք գոյություն չունի, որ 12 տարի տան քերծվածքի համար»,- ասաց դատապարտյալի մայրը` Ժաննա Ստեփանյանը:
24-ամյա Վռամը կալանավայրում է արդեն 2 տարի` մեղադրանքն առաջադրվելու օրվանից:
Նշենք, որ Վռամ Գյոզալյանը մեղավոր է ճանաչվել այն բանի համար, որ 2013թ. հուլիսի 8-ին առևանգել է տուժող Գևորգ Կարապետյանին և հենց վերջինիս ավտոմեքենայով, շահադիտական դրդումներով, այն է՝ նրանից տոկոսով վերցրած 8000 ԱՄՆ դոլար չվերադարձնելու նպատակով, Երևան քաղաքի Ավան թաղամասից տեղափոխել է Արաբկիր վարչական շրջան՝ Ավետ Ավետյան փողոցի ստորգետնյա ավտոտնակների մոտ, որտեղ նրան ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ ավտոմեքենայի մեջ դանակի 5 հարված է հասցրել կենսական կարևոր օրգաններին՝ պատճառելով կյանքի համար վտանգ սպառնացող ծանր մարմնական վնասվածք:
Վռամ Գյոզալյանի փաստաբանը NEWS.am-ի հետ զրույցում պատմեց, որ դատաքննության ժամանակ տուժողը ոչ մի բողոք չի ներկայացրել իր պաշտպանյալի նկատմամբ, ավելին` պնդել է, որ իրեն չեն առեւանգել:
Փաստաբանը նշեց, որ Վերաքննիչն անփոփոխ է թողել առաջին ատյանի կայացրած վճիռը: Գործն այժմ Վճռաբեկ դատարանում է, հարազատները պայքարելու են մինչեւ վերջ: Նրանք կդիմեն նաեւ Մարդու իրավունքների եվրոպական դատարան:





























