Հազվադեպ Գուդփասչերի սինդրոմով տառապող հրազդանցի 18–ամյա Տիգրան Ավետիսյանը հուլիսի 6-ին մահացել է: Տիգրանի կյանքի համար ընտանիքն ու ընկերները երկար պայքարեցին, սակայն չկարողացան փրկել նրա կյանքը:
«Անցյալ տարի Մոսկվայում Տիգրանի մոտ Գուդփասչերի սինդրոմի առկայությունը հերքվեց, ու բժիշկները նշեցին, որ արյան անոթների հետ է կապված նրա հիվանդությունը: Մենք էլ հետ եկանք ու սկսեցինք արյան փոխներարկում անել: Թվում էր, թե ամեն ինչ անցյալում է, բայց փաստորեն Գուդփասչերը կար, ու Տիգրանի երիկամներն արդեն քայքայվել էին: Եթե ավելի շուտ հասկանային, երեխայի կյանքը մի 10-15 տարով կարող էինք երկարացնել»,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց Տիգրանի հայրը` Նորիկ Ավետիսյանը:
Նորիկ Ավետիսյանը նշեց, որ 18-ամյա Տիգրանը մահվանից 10 օր առաջ սրտի կանգ է ունեցել, այնուհետև երիկամները դադարել են աշխատել, նրան տեղափոխել են հիվանդանոց։
Հիշեցնենք, որ մեկ տարի առաջ հրազդանցի Տիգրան Ավետիսյանի մոտ երկար հետազոտություններից հետո հայտնաբերվել է բացառիկ անբուժելի հիվանդություն` Գուդփասչերի սինդրոմ: Իմունային համակարգի հազվագյուտ հանդիպող այս հիվանդության դեպքում հակամարմիններն ախտահարում են երիկամներն ու թոքերը, տեղի է ունենում բոլոր ներքին օրգանների քայքայում։ Նրան խորհուրդ էին տվել արտերկիր մեկնել, որտեղ նրա կյանքը կարող էին երկարացնել 10-15 տարով։ Տիգրանի համար Հրազդանում և մայրաքաղաքում սկսվել էր դրամահավաք, որի շնորհիվ Տիգրանը տեղափոխվել էր Մոսկվա, որտեղ հերքվել էր Գուդփասչերի ախտորոշումը, բժիշկները նրա մոտ ախտորոշել էին արյան անոթների հիվանդություն: Այնուհետև Տիգրանը Մոսկվայի բժիշկների ցուցումով սկսել էր արյան փոխներարկում իրականացնել:




























