«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Երեկ վերջնական հստակություն է մտել արդարադատության նախարարի հարցում: Ինչպես տեղեկացրել էինք, նախօրեի դրությամբ արդարադատության նախարարի երկու թեկնածուի անուն էր շրջանառվում՝ ՀՀԿ-ական պատգամավորներ ԱՐփինե Հովհաննիսյանինը եւ Կորյուն Նահապետյանինը: Ըստ լավատեղյակ աղբյուրների, ընտրությունը կանգ է առել Կորյուն Նահապետյանի վրա: Արփինե Հովհաննիսյանը, ում այդ պոստում տեսնում էր վարչապետ Հովիկ Աբրահամյանը, ըստ նույն աղբյուրների, փոխանցել է, որ պատրաստ չէ նման պատասխանատու պաշտոն ստանձնել:

Հանրապետականներն ասում են, թե սպասվում է, որ Կորյուն Նահապետյանին արդարադատության նախարար նշանակելու մասին Սերժ Սարգսյանի հրամանագիրը ամեն րոպե կարող է հրապարակվել: Ի դեպ, այսօր՝ հուլիսի 23-ին, Նահապետյանի ծննդյան օրն է, նա դառնում է 44 տարեկան, եւ նախարարի պորտֆելը, թերեւս, լավագույն նվերն է, որ կարող էր մատուցվել նրան:

Հանրապետականների շրջանում խոսվում է, որ օրեր առաջ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ալեքսանյանի այցը կառավարություն հենց սույն նշանակման հետ է կապված եղել: Հիշեցնենք՝ Կորյուն Նահապետյանը Ալեքսանյանի փեսան է:

Թե Նահապետյանի փոխարեն ով է ընտրվելու ԱԺ պաշտպանության, ներքին գործերի եւ ազգային անվտանգության հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ՝ դեռ հստակեցված չէ: Ամեն դեպքում՝ Դոնթի բանաձեւով՝ այդ պաշտոնը ՀՀԿ-ինն է եւ այնտեղ ՀՀԿ-ական պետք է նշանակվի:
Հիշեցնենք, որ սույն հանձնաժողովի անդամներ են գեներալներ Մանվել Գրիգորյանն ու Սեյրան Սարոյանը, Մհեր Սեդրակյանը, Առաքել Մովսիսյանը, Կարեն Սարիբեկյանն ու Արթուր Ստեփանյանը (Քեթրինի Միհրանի պատգամավորը):

Ամենակարեւորը, սակայն Կորյուն Նահապետյանը 2012-ին խորհրդարան է մտել մեծամասնական ընտրակարգով՝ թիվ 8 ընտրատարածքից: Այսինքն՝ պատգամավորական թափուր տեղի համար լրացուցիչ ընտրություններ պետք է նշանակվեն»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում