Ազգային ժողովի ՀՀԿ-ական պատգամավոր Կորյուն Նահապետյանին արդարադատության նախարար նշանակելու առաջարկ չի արվել: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ինքը՝ Կորյուն Նահապետյանը:
Այսօր, ի դեպ, պատգամավորի ծննդյան 44-ամյակն է, որն անց է կացնում արտերկրում՝ ընտանիքի հետ հանգստանալով:
«Լրատվամիջոցները վերջին մեկ տարվա ընթացքում արդեն երկրորդ անգամ են ինձ նշանակում նախարար: Ինձ որեւէ առաջարկ չի եղել, եթե նշանակված լինեի, տեղյակ կլինեիք: Այժմ արձակուրդում եմ՝ ընտանիքիս հետ միասին, հուսով եմ՝ իրավունք ունեմ հանգստանալու»,-ասաց Կորյուն Նահապետյանը:
Նա նաեւ նշեց, որ ընթերցել է լրատվամիջոցների լուրերը եւ տեսել, թե ինչպես են միանգամից մի քանի գործընթացներ սկսել քննարկել եւ իրականացնել: Խոսքը, մասնավորապես, իր նախարար նշանակվելուց հետո թիվ 8 ընտրատարածքում ԱԺ պատգամավորի ընտրությունների, ԱԺ պաշտպանության, ներքին գործերի եւ ազգային անվտանգության հարցերով մշտական հանձնաժողովի նախագահի հարցն է:
Նշենք, որ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը հրաժարական է ներկայացրել հուլիսի 14-ին: Նախարարի պաշտոնի հավանական թեկնածուները, ըստ լրատվամիջոցների, ԱԺ ՀՀԿ-ական պատգամավորներ Կորյուն Նահապետյանը ու Արփինե Հովհաննիսյանն են:





























