Պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու, պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու հարցերով անկախ հանձնաժողովն առանց որևիցե պատճառաբանության մերժել է 6 տարի 6 ամիս ազատազրկման դատապարտված Վոլոդյա  Ավետիսյանի վաղաժամ ազատման հայցը: Այս մասին այսօր՝ հուլիսի 24-ին, լրագրողներին ասաց Վոլոդյա Ավետիսյանի փաստաբան Արա Զաքարյանը:

«Ինձ համար նորություն չէր, որ մերժեցին, քանի որ, ցավոք սրտի, այդ անկախ հանձնաժողովն այնքան էլ անկախ չէ.  հանձնաժողովի անդամները կուրորեն անում են այն, ինչ նրանց թելադրում են: Վոլոդյա Ավետիսյանին  հանձնաժողովի անդամներից ընդամենը մեկ հոգի է այցելել, և այդ հանդիպումը տևել է 5 րոպեից ոչ ավելի: Հարցեր են տրվել Վոլոդյա Ավետիսյանի անցած կյանքի, ընտանիքի անդամների վերաբերյալ՝ քանի երեխա ունի, ով է ընտանիքի անդամներից աշխատում, և վերջ: Որոշման մեջ ոչ մի հիմնավորում չկա. ընդամենը գրել են, որ մերժվում է հայցը»,-ասաց նա:

 «Իրավունք և աջակցություն»  հիմմնադրամի տնօրեն Գագիկ Սարուխանյանն էլ նշեց, որ Վոլոդյա Ավետիսյանի նկատմամբ պետական բարձր մակարդակով հաշվեհարդար է տեղի ունենում. «Ոչ մի հանձնաժողով էլ իր գլխից ձեռք չի քաշել, որ հոսանքին դեմ գնա»:

Նշենք, որ Վոլոդյա Ավետիսյանն արցախյան ազատամարտի մասնակից է, եղել է Լեոնիդ Ազգալդյանի աջ ձեռքը, ունի 6 զավակ, որոնցից 3-ն անչափահաս են, ընտանիքն էլ ծանր սոցիալական պայմաններում է ապրում:

Հիշեցնենք, որ Վոլոդյա Ավետիսյանը մեղադրվում էր խարդախության համար։ Ըստ նրան առաջադրված մեղադրանքի՝ նա 2000 դոլար կաշառք է վերցրել Հենրիկ Զաքարյանից՝ նրա թոռանը ժամկետային  ծառայությունից ազատելու համար, եւ 500 դոլար է պահանջել Ալբերտ Մաթոսյանից նրա որդուն զորամասում համակարգչային օպերատոր նշանակելու հարցը լուծելու համար։ Վոլոդյա Ավետիսյանը հերքում է մեղադրանքը։ Նա եւ իր մարտական ընկերները կարծում են, որ սա քաղաքական հետապնդում է պահեստազորի գնդապետի դեմ՝ իրենց սոցիալական պայմանները բարելավելու նպատակով ազատամարտիկների բողոքի շարժումը ղեկավարելու համար: Առաջին ատյանի դատարանը Վոլոդյա Ավետիսյանին 6 տարի 6 ամիս ազատազրկման էր դատապարտել։ Վերաքննիչ եւ Վճռաբեկ դատարանները մերժել են Վոլոդյա Ավետիսյանի փաստաբանի  բողոքը: