Մեղրիում հրդեհի հետեւանքով իրենց տներից զրկված բնակիչները շարունակում են ապրել հյուրանոցում, իսկ նրանց շենքի շինարարությունը կսկսվի մոտ մեկ շաբաթից կամ 10 օրից: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Մեղրիի քաղաքապետ Արշավիր Հովհաննիսյանը:
Նա նշեց, որ արդեն ստացել են մասնագիտական տեխնիկական եզրակացությունները, որոնց համաձայն՝ հրդեհի ենթարկված շենքը վերանորոգման դեպքում պիտանի է շահագործման:
Քաղաքապետն ասաց, որ մոտ մեկ շաբաթից կամ 10 օրից կսկսեն շինարարությունը, իսկ առայժմ բնակիչները ապրում են հյուրանոցներում: Նա նաեւ շեշտեց, որ բնակիչները իրենք շատ էին ցանկանում վերադառնալ իրենց շենք, ինչը եւ հնարավոր կդարձնեն: Քաղաքապետը հույս ունի, որ մինչեւ ձմեռ կկարողանան ավարտին հասցնել շինարարական աշխատանքները:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Հայաստանի ՏԿԱԻՆ-ում, այսօր՝ հունիսի 13-ին, ժամը 07.00-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Սյունիքի մարզի Մեղրի քաղաքի Անդրանիկի փողոցի թիվ 9 շենքում:
Դեպքի վայր է մեկնել հինգ մարտական հաշվարկ և ՄՓՎ օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է թիվ 9 շենքի (3-րդ հարկ) ճակատային մասում գտնվող բնակարաններում: Շենքն ամբողջությամբ կրակի է մատնվել:
Դեպքի վայր է մեկնել 5 մարտական հաշվարկ: Բնակիչներին տարհանել են: Զոհվել է շենքի տարեց բնակչուհիներից մեկը:





























