Ազատության հրապարակում քիչ առաջ մեկնարկեց «Ի պաշտպանության Վոլոդյա Ավետիսյանի» նախաձեռնության նստացույցը`պահանջով անհապաղ ազատ աձակել խարդախության մեղադրանքով 6 տարի 6 ամսվա ազատազրկման դատապարտված պահեստազորի գնդապետին:
«Վերջին 2-3 ամիսներին Վոլոդյա Ավետիսյանի համար տարվող պայքարը կարծես թե ստվերվել էր, բայց մենք վերակենդանացնում ենք այս շարժումը`պահանջով, որ Վոլոդյա Ավետիսյանին անհապաղ ազատ արձակեն: Այժմ իրավական ճանապարհներ չկան նրան ազատ արձակելու, բայց մենք գիտենք, որ ապրում ենք ոչ իրավական պետությունում: Ոնց բռնել են, այդպես էլ կարող են մի օր բանտախցի դուռը բացել եւ նրան ազատ արձակել»,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց նախաձեռնության համակարգող Գագիկ Սարուխանյանը:
Նրա խոսքով`նստացույցը ուղղված է ոչ թե իշխանություններին, այլ հասարակ քաղաքացիներին եւ ազատամարտիկներին, որպեսզի ներգրավեն Վոլոդյա Ավետիսյանի համար մղվող պայքարին:
Գագիկ Սարուխանյանը նշեց, որ նստացույցն անժամկետ է: Այն նաեւ սկիզբ է դնում քաղաքացիների եւ ազատամարտիկների հավաքագրման նոր գործընթացի:
Նախաձեռնության անդամները հետագա պայքարի ռազմավարություն կմշակեն, որից էլ կախված կլինի նստացույցի ժամկետը:
Նշենք, որ նստացույցի մասնակիցների առայժմ 4-ն է, որոնց հետագայում կմիանան այլ ազատամարտիկներ:
Նշենք, որ Վոլոդյա Ավետիսյանն արցախյան ազատամարտի մասնակից է, եղել է Լեոնիդ Ազգալդյանի զինակիցը, ունի 6 զավակ, որոնցից 3-ն անչափահաս են, ընտանիքն էլ ծանր սոցիալական պայմաններում է ապրում:
Հիշեցնենք, որ Վոլոդյա Ավետիսյանը մեղադրվում էր խարդախության համար։ Ըստ նրան առաջադրված մեղադրանքի՝ նա 2000 դոլար կաշառք է վերցրել Հենրիկ Զաքարյանից՝ նրա թոռանը ժամկետային ծառայությունից ազատելու համար, եւ 500 դոլար է պահանջել Ալբերտ Մաթոսյանից նրա որդուն զորամասում համակարգչային օպերատոր նշանակելու հարցը լուծելու համար։ Վոլոդյա Ավետիսյանը հերքում է մեղադրանքը։ Նա եւ իր մարտական ընկերները կարծում են, որ սա քաղաքական հետապնդում է պահեստազորի գնդապետի դեմ՝ իրենց սոցիալական պայմանները բարելավելու նպատակով ազատամարտիկների բողոքի շարժումը ղեկավարելու համար: Առաջին ատյանի դատարանը Վոլոդյա Ավետիսյանին 6 տարի 6 ամիս ազատազրկման էր դատապարտել։ Վերաքննիչ եւ վճռաբեկ դատարանը մերժել է Վոլոդյա Ավետիսյանի փաստաբանի բողոքը:































