Երևանի թիվ 9 տրոլեյբուսային երթուղու 4 վարորդ իր դիմումի համաձայն ազատվել է աշխատանքից: Այս մասին այսօր՝ հուլիսի 25-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց Երևանի «Էլեկտրատրանսպորտ» փակ բաժնետիրական ընկերության տնօրեն Հարություն Երեմյանը:
Տնօրենը հերքեց աշխատանքային պայմանների հետ կապված` վարորդների դժգոհությունները, թե իրենց ստիպում են օրական 14 ժամ աշխատել։
«Մեզ մոտ կա և՛ ուղեգիր, և՛ չվացուցակ, որտեղ պարզ երևում է, որ իրենք անգամ 10 ժամ էլ չեն աշխատել: Իսկ այն վարորդները, որոնք այժմ աշխատում են 12-ժամ, վճարվում են արտաժամյա աշխատանքի համար: Աշխատավարձերի հետ կապված որևիցե խնդիր չի եղել, քանի որ ամեն ամիս պարտաճանաչ կերպով աշխատակիցների աշխատավարձերը հաշվարկվում և վճարվում է օրենքով նախատեսված կարգով՝ ժամանակին»,-ասաց նա:
Երեմյանը նաև նշեց, որ աշխատանքից ազատվելու դիմում ներկայացրել է 8 աշխատակից. «4-ին ազատել եմ աշխատանքից, իսկ 4-ին էլ չեմ ազատելու, նրանք վաղվանից աշխատանքի են գալու»:
Հիշեցնենք, որ վարորդները դժգոհում են աշխատանքային օրվա երկարությունից եւ ցածր վարձատրությունից։ Երկու օր առաջ 9 տրոլեյբուսային երթուղու վարորդների մի մասը գործադուլ էր արել։





























