Ամերիկացի Ջոն Ռասել Հաուզերը, որը Լուիզիանայում կրակ էր բացել կինոթատրոնի այցելուների ուղղությամբ եւ ինքնասպան եղել, ամենայն հավանականությամբ, զենք գնելու թույլտվություն է ստացել դատական հաշվառման համակարգում խափանման արդյունքում:
Ավելի վաղ Հաուզերը պատասխանատվության էր ենթարկվել ընտանեկան բռնության համար: 2008 թվականին նա հարկադրաբար հոգեբուժարան է ուղարկվել՝ որպես շրջապատի համար վտանգ ներկայացնող անձ:
Հայտնի է, որ 2006 թվականին Հաուզերը փորձել է ոստիկանությունում զենք կրելու թույլտվություն ստանալ, սակայն մերժել են: Սակայն 8 տարի անց Հաուզերը կարողացել է Ալաբամայում միանգամայն օրինական խանութից զենք գնել՝ 10.2 մմ տրամաչափի ատրճանակ: Այս մասին գրում է Lenta.ru-ն՝ վկայակոչելով AP-ին:
Լուիզիանա նահանգի Լաֆայետ քաղաքի կինոթատրոնում հրաձգությունը տեղի է ունեցել հուլիսի 23-ի երեկոյան: Trainwreck ֆիլմի ցուցադրության մեկնարկից 20 րոպե անց 58-ամյա սպիտակամորթ տղամարդը կրակ է բացել հանդիսատեսի ուղղությամբ: Ականատեսների խոսքով, նա հանկարծակի բարձրացել է տեղից եւ սկսել լուռ կրակել: Արդյունքում 2 մարդ մահացել է, 9 հոգի՝ վիրավորվել: Քիչ անց Հաուզերն ինքնասպան է եղել:



























