Եվրոպական ոչ մի երկրում հնարավոր չէ հանդիպել մի տեսարանի, որտեղ փոքրաթիվ ցուցարարների հսկում են այսքան մեծ թվով ոստիկաններ: Այս մասին այսօր՝ հուլիսի 28-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Հմայակ Հովհաննիսյանը, որը Հանրապետության հրապարակ էր եկել աջակցելու «Ոտքի Հայաստան» նախաձեռնության` էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ պայքարին:

«Ոչ մի ժողովրդարավարական, եվրոպական երկրում այսպիսի տեսարանի հանդիպել հնարավոր չէ, որ 500 ոստիկան հսկի 10 ցուցարարի խաղաղ գործողություն: Մենք ունենք հրաշալի երիտասարդներ, ես միշտ նրանց կողքին եմ եւ գտնում եմ, որ նրանց պահանջն արդարացի է»,-ասաց նա:

Քաղաքագետը նշեց, որ հուլիսի  6-ին, երբ ոստիկանությունը վերականգնեց Բաղրամյան պողոտայի երթեւեկությունը, նստացույցի մասնակիցները պետք է շարունակեին իրենց պայքարը:

«Նստացույցի մասնակիցներն անմիջապես հուլիսի 6-ին պետք է շարունակեին իրենց պայքարը: Պետք է անմիջապես հարթակ ձեւավորվեր, որտեղ հավաքվեին այն քաղաքական գործիչները, որոնք պայքարում են նույն գաղափարի շուրջ»,-ասաց նա:

Նշենք, որ այս պահին «Ոտքի Հայաստան» նախաձեռնության անդամները Հանրապետության  հրապարակում շարունակում են իրենց քաղաքացիական անհնազանդության ակցիաները՝ անընդհատ ետուառաջ քայլելով հրապարակին հարակից երթեւեկելի փողոցներով:

NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ քիչ առաջ մի քանի ակտիվիսներ կրկին կարողացան ճեղքել ոստիկանական պատը եւ անցնել Հանրապետության հրապարակի գորգի տարածք, սակայն ոստիկանները նրանց դուրս բերեցին:

«Ոտքի Հայաստան» շարժումը հայտարարել է, որ հուլիսի 27-ից 72-ժամյա նստացույց է սկսում։ Սակայն ոստիկանությունը նրանց թույլ չի տալիս մոտենալ հրապարակի կենտրոնի գորգին։ Ակտիվիստները գիշերել են Հանրապետության հրապարակում։ Գիշերը խաղաղ է անցել, առավոտից վերսկսվել են ակտիվիստների անհնազանդության ակցիաները։

Միաժամանակ, Վանաձորից մեկնարկել է շարժման անդամների մարզային երթը, որի մասնակիցներն իրազեկման ակցիաներ կանցկացնեն Գյումրիում, Թալինում, Աշտարակում, ապա կգան մայրաքաղաք։

Հիշեցնենք, որ «Ոտքի Հայաստան» նախաձեռնությունը հայտարարել էր, որ եթե ՀԾԿՀ-ն չեղյալ չհայտարարի էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման մասին որոշումը, հուլիսի 27-ից բողոքի ակցիաներ են սկսելու: Նախաձեռնության անդամներն այցելելու են մարզեր, ինչպես նաեւ փողոցներ են փակելու։