Սահմանադրական փոփոխությունների դեմ պայքարող «Չե՛ք անցկացնի» նախաձեռնությունն անցել է ուժերի մոբիլիզացման փուլի եւ փորձում է իր շուրջը համախմբել խնդրով մտահոգ բոլոր այլ ուժերին: Նախաձեռնության անդամներից Արշակ Մուսախանյանը NEWS.am-ի հետ զրույցում նշեց, որ իրենք արդեն հանդիպումներ են ունեցել Հայ ազգային կոնգրեսի, հասարակական մի քանի կազմակերպությունների, «Ոտքի՛, Հայաստան» եւ «Ո՛չ թալանին» նախաձեռնությունների հետ:

«Պայքարը մտել է շատ հետաքրքիր ու լուրջ փուլ: Քայլ առ քայլ գնում ենք առաջ: Հիմա ուժերը մոբիլիզացնելու շրջան է: Հետո կիրականացնենք իրազեկման ակցիաներ, պիկետներ, սեպտեմբերից մեր պայքարն ավելի կակտիվանա»,- ասաց Արշակ Մուսախանյանը: 

Արդեն 8 ամիս գոյություն ունեցող նախաձեռնությունն առաջնորդվում է մեկ սկզբունքով. ոչ լեգետիմ իշխանությունն իրավունք չունի սահմանադրական փոփոխություններ նախաձեռնել ու դրանք անցկացնել չգործող ընտրական համակարգով:

«Եթե նախագահ Սերժ Սարգսյանը թոշակի գնալուց մի քանի տարի առաջ այնպիսի փոփոխություններ է նախաձեռնում, որոնցով փոխվում է պետական  կառավարման համակարգը, նշանակում է, որ նա ցանկանում է մնալ իշխանության մեջ»,- ասաց նախաձեռնության անդամը:

Արշակ Մուսախանյանը կարծում է, որ նման փոփոխությունների դեմ պայքարը մեծ թվով մարդկանց կընդգրկի, քանի որ բարեփոխումների նախագիծը շատերին է հիասթափեցրել. «Հենց հրապարակվեց նախագիծը, մենք հասարակական  քննարկումներում զգացինք, որ մեծ ռեսուրս կա, հնարավորություն կա, որ մեծ մոբիլիզացիա կարող ենք ապահովել: Սա մեզ ավելի շատ թեւեր տվեց»:

Նախաձեռնության հետազոտությունների համաձայն, եթե Հանրապետական կուսակցությանը հաջողվի այնպես անել, որ 600 հազար քաղաքացի կողմ քվեարկի Սահմանադրական բարեփոխումներին, ապա հնարավոր կլինի անցկացնել դրանք: Այդ պարագայում նրանք պայքարի երկու տարբերակ են քննարկում. կա՛մ չմասնակցել եւ բոյկոտել հանրաքվեն, կա՛մ մասնակցել եւ, դրա կեղծման դեպքում, հետընտրական գործընթաց սկսել՝ անգամ հասնելով իշխանափոխության: