Զիմբաբվեի իշխանությունները որոնում են եւս մեկ ամերիկացու, որին կասկածում են առյուծի անօրինական սպանության մեջ։ Տեղացիների սիրելի Սեսիլ առյուծի սպանությունը վրդովմունքի ալիք էր առաջացրել ամբողջ աշխարհում։
Ազգային արգելոցների եւ վայրի բնության վերահսկողության վարչության ղեկավարությունը հայտարարել է, որ Փենսիլվանիա նահանգից եկած տղամարդը ապրիլին կրակոցով սպանել է առյուծին։ Ձերբակալվել է այն հողի սեփականատերը, որի վրա տեղի է ունեցել սպանությունը, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը։ Զիմբաբվեն փորձում է հասնել Մինեսոտայից ամերիկացի Ուոլթեր Փալմերի արտահանձնմանը, որը սպանել է Սեսիլին։ Իշխանությունները չեն բացահայտել ապրիլյան դեպքի մանրամասները, ընդամենը հայտարարել են, որ առյուծը սպանվել է առանց համապատասխան թույլտվության։
Զիմբաբվեն փորձում է վերջ դնել անօրինական որսին եւ որսագողությանը, որոնք սպառնում են վայրի կենդանիների մի քանի տեսակի գոյությանը։





























