Երեւանի Նոր-Նորք վարչական շրջանի Գայի 14 հասցեում գտնվող այգում գործող10 ատրակցիոնները արդեն երկու տարի է` պարտադիր  փորձաքննություն չեն անցել: Այս մասին այսօր` օգոստոսի 3-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնի փորձաքննության բաժնի պետ Լուսինե Հովհաննիսյանը:

 Նա քաղաքացիներին հորդորեց երեխաններին նշված այգին չտանել եւ թույլ չտալ այդ ատրակցիոններից օգտվել:

«Տասը ատրակցիոնները շահագործվում են «Անառիկ բերդաձոր» ՍՊԸ -ի կողմից : Ատրակցիոնները փորձաքննություն չեն ացնել, չունեն վերջնական փորձագիտական  եզրակացության  եւ տեխնիկական  վիճակի մասին որեւէ  բան ասել չեմ կարող: Ատրակցիոնների տեխնիկական վիճակը կասկածի տեղիք է տալիս»,- նշեց Լուսինե Հովհաննիսյանը:

Հովհաննիսյանի խոսքով` այդ ատրակցինոնների գործունեությունը իրենց կողմից չի վերահսկվում, դրանով կզբաղվի Տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարության տեխնիկական անվտանգության  տեսչությունը. կամ փորձաքննություն կանցկացվի, կամ գործունեությունը կդադարեցվի :

Լուսինե Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ Երեւան քաղաքում գրանցված 84 ատրակցիոններից մնացած 74-ը անցել են փորձաքննություն եւ ստացել են դրական եզրակացություն:

Հայաստանի Հանրապետությունում կա 125 գրանցված  ատրակցիոն. 84-ը` Երեւան քաղաքում,  6-ը` Կոտայքի մարզում, 6-ը` Լոռիում, 19-ը`Շիրակում, 8-ը` Սյունիքում, 2-ը`Արմավիրում: