Երեւան-Սեւան-Իջեւան միջպետական մայրուղու 81-րդ կմ-ում՝ Դիլիջանի թունելի ներսում, հունիսի 17-ից մեկնարկած հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված՝ սահմանվել է երթեւեկության հատուկ ռեժիմ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարության մամուլի ծառայությունը:
«Հորդորում ենք վարորդներին թունելի ներսում երթեւեկել առավելագույնս զգույշ, խստագույնս հետեւել թունելի մուտքերում եւ ներսում տեղադրված ճանապարհային նշաններին, շինարարական աշխատանքների մասին զգուշացնող ցուցանակներին, լուսային ազդանշաններին:
Բաց թափքով գերբեռնված բեռնատարների վարորդներին առաջարկվում է աշխատանքների ընթացքին չխոչընդոտելու նպատակով օգտվել շրջանցիկ՝ Սեմյոնովկա գյուղով անցնող ճանապարհահատվածից:
Նշենք, որ Դիլիջանի թունելում իրականացվող հիմնանորոգման աշխատանքները կընթանան երեք փուլով՝ երեք տարվա ընթացքում: Առաջին փուլով կատարվող հիմնանորոգման վերջնաժամկետը, ըստ պայմանագրի, 2015թ. նոյմեբերի 1-ն է»,– ասված է նախարարության տարածած հաղորդագրությունում:





























