ԱԺ պատգամավոր Կարո Կարապետյանի (Յուվեցի Կորո) փեսա Գոռ Առաքելյանը ճանաչվել է մեղսունակ, նա հոգեկան հիվանդություն չի ունեցել եւ չունի: Այս մասին այսօր՝ օգոստոսի 3-ին, «Վերնիսաժի» գործով ավելի քան երկու ամսվա ընդմիջումից հետո նշանակված դատական նիստին հայտարարեց դատավոր Գագիկ Պողոսյանը՝ ներկայացնելով դատահոգեբանական եւ դատահոգեբուժական համալիր փորձաքննության եզրակացությունը:
Փորձաքննությամբ այդպես էլ չի պարզվել՝ Գոռ Առաքելյանը գտնվել է աֆեկտի վիճակում, թե ոչ:
«Չեն կարողացել պարզել` գտնվել է աֆետի վիճակում, թե ոչ, քանի որ Գոռը մանրամասը տեղեկություններ չի տրամադրել»,- լրագրողների հետ զրույցում ասաց Գոռ Առաքելյանի փաստաբան Երեմ Սարգսյանը, որի կարծիքով՝ Գոռ Առաքելյանը եղել է աֆեկտի վիճակում:
Նշենք, որ այս հանգամանքը կարող էր բեկում առաջացներ գործում եւ հնարավոր է, հաստատվելու դեպքում Գոռ Առաքելյանին սպառնացող պատիժը մեղմանար:
Դատաքննություն այսօր ավարտվեց, դատարանն անցավ դատական վիճաբանությունների փուլին: Դատական նիստը հետաձգվեց քանի, որ դատախազը պատրաստ չէր մեղադրական ճառով հանդես գալ:
Հաջորդ դատական նիստը նշանակվեց օգոստոսի 20-ին։
Հիշեցնենք, որ 2014թ. մայիսի 17-ին՝ ժամը 13:30-ի սահմանում կրակոցներ էին հնչել «Վերնիսաժի» տարածքում։ Ըստ մեղադրական եզրակացության՝ Գոռ Առաքելյանը (ԱԺ պատգամավոր Կարո Կարապետյանի փեսան) Վարդանանց փողոցի թիվ 18/2 շենքի ստորգետնյա ավտոկայանատեղիի մուտքի դարպասների մոտ վեճի բռնվելով Վալերիկ Հովհաննիսյանի եւ Ներսես Մելքոնյանի հետ, փորձել է ապօրինաբար դիտավորությամբ կյանքից զրկել նրանց, ինչպես նաեւ անկանոն կրակ է բացել՝ ծանր մարմնական վնասվածքներ հասցնելով պատահական անցորդների։ Գոռ Առաքելյանը մայիսի 18-ին ինքնակամ ներկայացել էր ոստիկանություն: Նրա դեմ մեղադրանք է առաջադրվել սպանության փորձ կատարելու, ինչպես նաեւ երկու եւ ավելի անձանց առողջությանը ծանր, մեկ անձի՝ միջին ծանրության վնաս պատճառելու համար, իսկ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։ Ավելի ուշ կալանավորվել են նաեւ Ներսես Մելքոնյանը եւ Վալերիկ Հովհաննիսյանը՝ խուլիգանության մեղադրանքով:





























