ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր ընդունել է «Աշխարհի հմտություններ»-2015 միջազգային մրցույթի հայաստանյան պատվիրակության անդամներին: «Աշխարհի հմտություններ» 43-րդ մրցույթը կկայանա օգոստոսի 11-16-ը` Բրազիլիայի Սան Պաոլո քաղաքում: Նախարարը հետաքրքրվել է մրցույթի մասնակիցներից, թե վերջիններիս ինչպես են նախապատրաստվել մրցույթին եւ ինչ ակնկալիքներ ունեն: Նախարարը հույս է հայտնել է, որ առաջիկա տարիներին Հայաստանը կդառնա «Աշխարհի հմտություններ» միջազգային կազմակերպության լիարժեք անդամ, որը, ըստ Արմեն Աշոտյանի, ոլորտի միջազգայնացման առումով կարող է մեծ դեր խաղալ: Այս համատեսքստում նախարարը կարեւորել է ներդրողների, տնտեսվարողների եւ միջազգային դոնոր կազմակերպությունների ներգրավումը:

Հանդիպման մասնակիցների հետ զրույցում Արմեն Աշոտյանն անդրադարձել է նաեւ միջին մասնագիտական կրթության ոլորտում վերջին տարիներին արձանագրված հաջողություններին` ընդգծելով, որ պետք է անել հնարավորը` դրանք պահպանելու եւ զարգացնելու համար: Արմեն Աշոտյանը նաեւ շնորհակալություն է հայտնել հանդիպմանը մասնակցող GIZ կազմակերպության WS Armenia ծրագրի համակարգողին` թիմին աջակցելու եւ տրանսպորտային ծախսերը հոգալու համար:  Մասնակիցներն իրենց հերթին նշել են, որ շատ լավ են նախապատրաստվել մրցույթին եւ գնում են միմիայն հաղթանակի: Հանդիպման ավարտի Արմեն Աշոտյանը հաջողություն է մաղթել հայկական թիմի անդամներին:

Նշենք, որ ներկայումս «Աշխարհի հմտություններին» անդամակցում է 75 երկիր, որոնցից 62-ը մասնակցելու են մրցույթին, իսկ 59-ը` մրցելու: «Աշխարհի հմտություններ» 43-րդ մրցույթին Հայաստանի թիմը կներկայանա հետեւյալ մասնագիտություններով՝ մեխատրոնիկա, ՏՏ ցանցային համակարգերի կառավարում եւ ոսկերչություն: