Անցյալ հանգստյան օրերին Անկարայում կայացել է Ղրիմի թաթարների 2-րդ համաշխարհային կոնգրեսը, որի ժամանակ հանդիպման մասնակիցները մի քանի հայտարարություն են արել Ղրիմը Ռուսաստանին անցնելու կապակցությամբ։ Օգոստոսի 3-ին Ղրիմի թաթարների ղեկավարները հանդիպել են Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։
Ղրիմի թաթարների Մեջլիսի նախագահ Ռեֆաթ Չուբարովը հայտարարել է, որ կոնգրեսի ավարտին բանակցություններ են սպասվում։
Չուբարովը, որը հանդիպման ժամանակ վերընտրվել է Ղրիմի թաթարների համաշխարհային կոնգրեսի նախագահ, հայտարարել է Ռուսաստանի կողմից թաթարների նկատմամբ իրականացվող նոր ցեղասպանության մասին։ «Դեռեւս 1783թ. ոչնչացնելով Ղրիմի խանությունը՝ մեր պատմական հայրենիքը՝ Ռուսաստանը ցանկանում էր բնաջնջել Ղրիմի բնիկ ժողովրդին։ Ցարական Ռուսաստանի իրավահաջորդ ԽՍՀՄ-ը եւ ներկայիս ՌԴ-ն շարունակում է մեր ազգի դեմ բռնաճնշումներ իրականացնել, եւ Ղրիմի թաթարները Ռուսաստանի կողմից նոր ցեղասպանության են ենթարկվում»,- հայտարարել է Մեջլիսի նախագահը, գրում է Newsru-ն։





























