Համահայկական ամառային 6-րդ խաղերին մասնակցելու նպատակով ԱՄՆ–ից Հայաստան ժամանած եւ օգոստոսի 1-ին Ծաղկաձորում ամենագնացով վթարի ենթարկվելու հետեւանքով մահացած 20-ամյա Լեւոն Շանթի Թոմազին հուղարկավորելու են ԱՄՆ Գլենդեյլ քաղաքում: Այս մասին NEWS.am-ի թղթակցին ասաց Գլենդեյլի քաղաքապետ Զարեհ Սինանյանը:
Քաղաքապետի խոսքով՝ հուղարկավորության օրը հայտնի չէ, քանի որ մահացածի մարմինը դեռեւս չեն տեղափոխել ԱՄՆ:
Նշենք, որ Լեւոն Շանթի Թոմազը Հայ մարմնակրթական ընդհանուր միության արեւմտյան թեւի գործադիր կոմիտեի անդամ Արամ Թոմազի որդին է:
Հիշեցնենք, որ Լեւոն Շանթի Թոմազն ԱՄՆ Գլենդեյլ քաղաքի համանուն ֆուտբոլային ակումբի անդամ էր, որն ակումբի անդամների հետ Հայաստան էր ժամանել օգոստոսի 1-ին՝ համահայկական խաղերին մասնակցելու նպատակով։ Նույն օրն ակումբի մի քանի անդամների Լեւոնը մեկնել էր Ծաղկաձոր շրջագայելու, նստել ճոպանուղի, վարել ամենագնաց: Այս ընթացքում նա ամենագնացով վթարի էր ենթարկվել եւ մահացել:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ Քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:





























