Աննախադեպ շոգ եղանակով պայմանավորված՝ մայրաքաղաքի ընդհանուր օգտագործման կանաչ տարածքներում Երեւանի քաղաքապետի հանձնարարությամբ շարունակվում է երկհերթ ոռոգումը: Շենգավիթ, Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների առանձին հատվածներում գործընթացն ապահովվում է թվով 4 խորքային հորերից մղվող ջրերով:

Մայրաքաղաքում պահպանվում է նաեւ հրդեհավտանգ իրավիճակը, որից  զերծ մնալու համար Երեւանի քաղաքապետարանի համապատասխան ստորաբաժանումները  համագործակցում են ՀՀ ՏԿԱԻ նախարարության հետ:

Հիշեցնենք, որ հնարավոր հրդեհների հավանականությունը նվազեցնելու համար Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ հրդեհավտանգ հատվածներում ժամանակավորապես արգելվել են  հրավառությունները: Դրան զուգահեռ արգելվել է նաեւ չոր խոտի այրումը:

Կանաչապատ տարածքներում խոտհունձ կազմակերպելու անհրաժեշտության մասին իրազեկվել են նաեւ համապատասխան տարածքների, այգիների ու պուրակների սեփականատերերը, վարձակալները: