Ազգային ժողովի ԲՀԿ-ական պատգամավոր Ռուբեն Գեւորգյանի՝ «Ծաղիկ Ռուբոյի» եղբորորդու՝ Արկադի Գեւորգյանի սպանության մեջ մեղադրվող Կամսար Հակոբյանն ու Անդրանիկ Երեմյանը այսօր՝ օգոստոսի 6-ին,Էրեբունի եւ Նուբարաշեն ընդհանուր իրավասության դատարանում հայտարարեցին, որ առնչություն չունեն տասներկու տարի առաջ Նուբարաշենի խճուղում տեղի ունեցած սպանության հետ:
Ամբաստանյալները, որոննց նկատմամբ հետախուզում էր հայտարարված, Հայաստան են տեղափոխվել համապատասխանաբար 2014թ օգոստոսի 29-ին եւ 2015 թվականի փետրվարի 22-ին: Երրորդ մեղադրյալ Առաքել Սարգսյանը դեռ հետախուզման մեջ է:
Նրանք մեղադրվում են 2003 թվականի հուլիսի 25-ին, Նուբարաշենի խճուղում մեքենայի ուղղությամբ կրակահերթ արձակելու, Սաշիկ Հակոբյանին,Գարեգին Հարությունյանին եւ Արկադի Գեւորգյանին սպանելու եւ Արտյոմ Գեւորգյանի կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս հասցնելու մեջ: Ըստ քննության նրանց սպանության պատվեր է տվել Արթուր Սարգսյանը:
Այսօր դատարան չէին ներկայացել տուժողի իրավահաջորդները, այդ թվում եւ Ռուբեն Գեւորգյանը:
Նա դիմումով դատարանին տեղեկացրել էր, որ չի ցանկանում ներկայանալ դատական նիստերին, իսկ ամբաստանյալներից պարտք ու պահանջ չունի:
Դատական նիստը շարունակավեց առանց տուժողների իրավահաջորդների, հարցաքննվեցին չորս վկաներ՝ Էդիկ Մանուկյանը, Նարինե Բաղդասարյանը, Աշոտ Երեմյանը, Վալադիմիր Աղեկյանը: Նրանք դեպքի վերաբերյալ որեւէ տեղեկություն չհայտնեցին, Էդիկ Մանուկյանը, Նարինե Բաղդասարյանը, Վալադիմիր Աղեկյանը անգամ չէին ճանաչում մեղադրյալներին:
Անդրանիկ Երեմյանի փաստաբան Ինեսսա Պետրոսյանի խոսքով՝իր պաշտպանյալին մեղսագրված արարքը հաստատող որեւէ ապացույց չկա քրեական գործում:
«Նախաքննության ընթացքում կատարվել է դատագենետիկական փորձաքննություն եւ պարզվեց, որ պաշտպանյալիս արյան խումբը, նմուշները՝քրտինք եւ այլն եւ այլն չեն համընկնում դեպքից վերցրած նմուշների հետ»,- NEWS.am-հետ զրույցում ասաց Ինեսսա Պետրոսյանը:
Փաստաբանի խոսքով՝ իր պաշտպանյալին մեղադրանք են առաջադրել «անուղղակի, երրորդական» ցումունքների հիման վրա:





























