Ադրբեջանական ֆինանսավորում ունեցող ամերիկացի կոնգրեսականների մասին ԱՄՆ կոնգրեսի էթիկայի գրասենյակի զեկույցը պետք է հրապարակվի։ Այս մասին ասված է ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի հայտարարության մեջ։ Պահանջն հասցեագրված է Կոնգրեսի էթիկայի հարցերով հանձնաժողովին, որին ենթարկվում է գրասենյակը։ Համապատասխան նամակը հանձնաժողովի նախագահի Չարլզ Դենթին եւ անդամ Լինդա Սանչեսին է հղել Հայ դատի հանձնախմբի ղեկավար Քենեթ Խաչիկյանը։
«Հանձնաժողովը չպետք է ԱՄՆ քաղաքացիներից թաքցնի մեր ժողովրդավարությունը արտասահմանից մանիպուլյացիայի ենթարկելու մասին ոչ մի տեղեկություն»,- ասված է հայտարարության մեջ։
Հայ դատի հանձնախումբը կոչ է անում թափանցիկ պետական կառավարման պաշտպաններին կապ հաստատել Հանձնաժողովի հետ եււ կոչ անել հրապարակել 70-էջանոց զեկույցը։
Ավելի վաղ հանձնաժողովը «ԱՄՆ-Ադրբեջան. ապագայի տեսլական» կոնֆերանսին մասնակցած Ներկայացուցիչների պալատի 10 եւ Կոնգրեսի աշխատակազմի 30 անդամներից հանել էր կասկածները։ Հանձնաժողովը որոշել էր, որ այդ քաղաքական գործիչները գիտակցաբար չեն խախտել օրենքը, քանի որ նրանց այցելությունը անվանապես ֆինանսավորել են Ադրբեջանի ընկերների ասամբլեան եւ Թուրք-ամերիկյան ասոցիացիայի հետ կապ ունեցող խմբերը։ Իսկ վերջիններս ակնհայտորեն թաքցրել էին այն փաստը, որ իրականում ճանապարհորդությունը հովանավորել է Ադրբեջանի պետական նավթային ընկերությունը(SOCAR)։ Հանձնաժողովը ուսումնասիրության արդյունքները ուղարկել էր Արդարադատության նախարարությանը, սակայն հրաժարվել էր հրապարակել դրանք՝ հեճուկս սովորաբար կիրառվող պրակտիկայի։
Ադրբեջան կատարված այցելությունների շուրջ կասկածների մասին առաջին անգամ 2014թ. գրել էր Houston Chronicle թերթը (http://www.houstonchronicle.com/news/houston-texas/houston/article/Lawmakers-trips-to-Baku-conference-raise-eithics-5649142.php), իսկ 2015թ. Washington Post-ը, որը նշել էր, որ հանձնաժողովը նման զեկույց է պատրաստել։
Հարցին, թե ինչու է հանձնաժողովը թաքցնում այդ տեղեկությունը, անդրադարձել է ամերիկյան Center for Responsive Politics ընկերությունը, որը հոդված էր հրապարակել Թուրք-ամերիկյան դաշինքի կողմից հանձնաժողովի նախագահ Չարլզ Դենթի ստացած ֆինանսական աջակցություն մասին։ Փաստաթղթի հղումը տես՝ http://www.opensecrets.org/news/2015/08/ethics-chair-received-contributions-from-donors-linked-to-groups-in-azerbaijan-probe ։




























