Երեւան-Գյումրի ավտոճանապարհին՝ Հոռոմի խաչմերուկում 2014թ. նոյեմբերին տեղի ունեցած ողբերգական ավտովթարի գործով ամբաստանյալ Մանվել Վարդանյանի համար դատախազ Արտյոմ Ավետիսյանը պահանջում է 9 տարվա ազատազրկում:

«Դատական նիստի ժամանակ հիմնավորվեց Մանվել Վարդանյանին առաջադրված մեղադրանքը»,- Շիրակի մարզի ընհանուր իրավասության դատարանում այսօր՝ օգոստոսի 6-ին,  մեղադրական ճառը ներկայացնելիս հայտարարեց դատախազը:

Դատախազ Ավետիսյանը նաեւ պահանջեց Մանվել Վարդանյանին զրկել վարորոդական իրավունքից  3 տարի ժամկետով:

Մանվել Վարդանյանի փաստաբան Լիանա Բալյանը դատախազի պահանջը անհիմն է համարում, նա իր պաշտպանական ճառում պնդեց, որ մեղավոչը ոչ թե պաշտպանյլան է, այլ արգելակման նշանը սխալ վայրում տեղադրողը:

«Եթե մեղադրականում ասվում  է, որ չի կանգնել  նշանի տակ, ապա ասեմ, որ ես լուսանկարներ եմ ներկայացրել որոնք փաստում են, որ այդ արգելակման նշանը սխալ տեղում է տեղադրված: Դեպքից հետո նշանը նոր տեղադրվել է այնտեղ  որտեղ պետք է: Այդ տարածքից եկող մեքենան չէր կարող գլխավոր ճանապարհից եկող մեքենան տեսնել»,- ասաց պաշտպանը Բալյանը:

Իր պաշտպանի խոսքերին միացավ մեղադրյալը եւ ասաց, որ ինքը մեղավոր չէ:

Ամբաստանյալ Վարդանյանի խոսքերը վրդովեցրին դատարանին դահլիճում ներկա ավտովթարից մահացածների զավակներին:

Ռազմիկ Մկրտչյանի դուստրը՝ Հասմիկ Մկրտչյանը, տեղից բղավեց. «Ո՞վ է մեղավոր, եթե ոչ դու: Ես պահանջում եմ ավելի խիստ պատիժ»:

Դատական նիստը հետաձգվեց, մեղադրյալ Մանվել Վարդանյանը վերջին խոսքով հանդես կգա օգոստոսի 11-ին:

Հիշեցնեն, որ 2014թ նոյեմբերի 10-ին, «Իմէքս -Գրուպ» ՍՊԸ-ի վարորդ, 45-ամյա Մ.Վարդանյանն «Կամազ-53202» մակնիշի բեռնատար ավտոմեքենայով բախվել էր թիվ 359 «Գազ-32213» մակնիշի ուղևորատար ավտոմեքենային: Վթարի հետևանքով ուղևորատար մեքենան հրդեհվել էր, 7 հոգի մահացել էր, 8-ը՝ տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել հիվանդանոց:

Մ.Վարդանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 242-րդ հոդվածի 3-րդ մասով՝ ավտոմեքենան վարողի կողմից ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որը մարդու առողջությանն անզգուշությամբ պատճառել է ծանր կամ միջին ծանրության վնաս։