Եթե Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդուն տրվել է տարկետում, ապա օրենքի սահաններում է տրվել: Այս մասին այսօր՝ օգոստոսի 6-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը՝ պատասխանելով  հարցին, թե արդյոք օրենքով է ամրագրված հոգեկան առողջության խնդիրների պատճառով տարկետում տրամադրելը:

«Վերջին տարիներին բավականին լուրջ աշխատանք ենք կատարել զորակոչի իրականացման շրջանակներում: Նորություն չէ, որ բավականին խստացրել ենք զորակոչի իրականացումը բոլոր հարթություններում, ինչպես նաեւ խստացվել է Կենտրոնական բժշկական հանձնաժողովի գործունեությունը: Եթե տրվել է տարկետում, ես նույնիսկ տեղյակ էլ չեմ, ապա դա տրվել է գործող նորմերի շրջանակներում»,-ասաց նախարարը:

Նախարարը հավելեց, որ ինքը կարող է ստուգել եւ ճշտել, թե  ինչի համար է տրվել տարկետումը. «Առանց լուրջ խնդիրների  եւ առանց տվյալ ժամանակահատվածում պրոբլեմների, մենք տարկետումներ չենք տալիս, ով ուզում է լինի»:

Հիշեցնենք, որ ՊՆ-ն հաստատել էր, որ Սուրիկ Խաչատրյանի որդին`՝Տիգրան Խաչատրյանը, որն այժմ կալանավորված է «Սդղի գյոլի» գործով, բանակից 3 տարի ժամկետով տարկետում է ստացել՝ հոգեկան առողջության խնդիրների պատճառով: Օգոստոսի 6–ին լրագրողների հետ զրույցում, սակայն, Սուրիկ Խաչատրյանը հերքել է այս տեղեկատվությունը` պնդելով, որ իր որդին բանակում չի ծառայել ոչ թե հոգեկան խնդիրների, այլ երկու տարի առաջ իր տան մոտ հնչած կրակոցների գործում ներգրավված լինելու պատճառով: