Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը օգոստոսի 7-ին հայտարարել է, որ երկրի ենթակառուցվածքն ի վիճակի չէ ընդունել Սիրիայից եւ Աֆղանստանից եկած փախստականներին։ Վարչապետն այդ հարցով դիմել է ԵՄ-ին, հայտնում է Reuters-ը։

«Ժամանակն է տեսնել, թե ԵՄ-ն  ընկերության միություն է, թե միություն, որտեղ յուրաքանչյուրը փորձում է իր շահերը պաշտպանել»,- հայտարարել է Ցիպրասը։

Հուլիսին ԵՄ 28 երկրներից 23-ի ՆԳ նախարարները պարտավորվել էին ընդունել Հունաստան եւ Իտալիա ժամանած ավելի քան 32 հազար փախստականներին եւ Եվրոպայով բաշխել Սիրիայի հետ սահմանակից պետություններից եկած 22.5 հազար ներգաղթյալներին։ Լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Գերմանիան, Ֆրանսիան եւ Իսպանիան կընդունեն երրորդ երկրներից ժամանած փախստականների առյուծաբաժինը՝ 21.91 տոկոս, 16.88 տոկոս եւ 10.72 տոկոս, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն։