Օգոստոսի 9-ին Զմմառի Տիրամոր վանքի բակում տեղի ունեցավ Տանն Կիլիկիո Կաթողիկե Հայոց Գրիգոր Պետրոս Ի նորընտիր կաթողիկոս պատրիարքի գահակալության արարողությունը:
Արարողությանը ներկա էին Լիբանանում ՀՀ դեսպան Աշոտ Քոչարյանը, Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը, Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի ներկայացուցիչ Նաթան արքիեպիսկոպոս Հովհաննիսյանը, Սուրբ Աթոռի Արեւելյան եկեղեցիների ժողովի ներկայացուցիչները, Լիբանանում պապական նվիրակը, հայ եւ օտարազգի բարձրաստիճան հոգեւորականներ, օտարերկրյա դիվանագիտական առաքելությունների ներկայացուցիչներ, նախարարներ, պատգամավորներ, բարձրաստիճան զինվորականներ, ազգային կառույցների ղեկավարներ:
Պատրիարքական գահը ընդունելուց հետո Գրիքոր Պետրոս Ի կաթողիկոս պատրիարքը մատուցեց իր առաջին պատարագը: Իր խոսքում կաթողիկոս պատրիարքը շնորհակալություն հայտնեց ՀՀ նախագահին, Ամենայն Հայոց եւ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսներին զորակցության համար եւ վստահեցրեց, որ ամեն ջանք կգործադրի ամրապնդելու եւ սերտացնելու համագործակցությունը հայրենի իշխանությունների եւ նվիրապետական երկու աթոռների հետ:
Պատարագին հետեւեց ընթրիք, որի ժամանակ ընթերցվեցին նորընտիր կաթողիկոս պատրիարքին ուղղված բազմաթիվ շնորհավորականներ: Դեսպան Քոչարյանը ընթերցեց ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձը:





























