Երեւանի ավագանու «Բարեւ Երեւան» խմբակցության անդամ Գագիկ Բաղդասրյանը Երեւանի քաղաքապետարանի ղեկավարությանը կոչ է արել դուրս գալ ծառայողական մեքենաներից, ոտքով շրջել ու հետեւլ, թե որքանով են որակով ու նորմալ կատարվում իրենց հանձնարարականները:
Նրա հայտարարությունում ասվում է.
«Օգոստոսի 10-ի աշխատանքային ( գործակարգավարական) խորհրդակցության ժամանակ, որը վարում էր պարոն Արեյանը, անդրադառնալով ասֆալապատման եւ բազմաբնակարան շենքերի շքամուտքերի վերանորոգման աշխատանքներին, խստորեն հանձնարարեց պատասխանատուներին աշխատանքների պատշաճ կազմակերպման եւ որակի ապահովման նպատակով տեղերում սահմանել մշտական հսկողություն, հատուկ նշելով բոլոր վարչական շրջանների ղեկավարների ու կոմունալ բաժինների պետերին վերահսկողություն իրականացնելու համար դանդաղ շրջայցեր կատարել:
Ողջունելով պարոն Արեյանի տեղին հանձնարարականը, կավելացնեմ նաեւ, որ միայն առանձնասենյակների ու շքեղ ծառայողական մեքենաների պատուհաններից հետեւելու փոխարեն դուրս գան, եւ այո’, ոտքով շրջեն ու հետեւեն ոչ միայն կատարվող աշխատանքներին, այլ նաեւ անձամբ տեղեկանան որակին, եւ միայն այդ դեպքում ավելի արդյունավետ կծախսվի հարկատուների (երեւանցիների) վճարած հարկերը, ու ամեն տարի հարկադրված չեն լինի վերանորոգել նույն փողոցներն, բակերը, շենքերի շքամուտքերն ու տանիքներին»:





























