Ոստիկանության Աշտարակի բաժնում մոտ 20 տարի աշխատած Վարդան Կարապետյանն արդեն 4 տարի է՝ անցել է թոշակի:
NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ոստիկանության նախկին աշխատակիցը պատմեց, որ մի քանի տարի առաջ աշխատավայրում ստացած սթրեսի հետեւանքով որոշ ժամանակ բուժում է ստացել հատուկ կենտրոնում, այնուհետեւ թոշակի անցել:
«Կալանավորներից մեկն ինքնավնասում արեց, որից հետո ես սթրես տարա եւ պառկեցի սթրես կենտրոնում: Բուժվելուց հետո էլ թոշակի անցա արդեն: Հիմա 60 հազար դրամ թոշակ եմ ստանում, կինս էլ աշխատում է եւ 50-55 հազար էլ ինքն է ստանում: Այդ գումարով չենք կարողանում հոգալ 6 հոգանոց ընտանիքի հոգսերը»,- պատմեց Վարդան Կարապետյանը:
Նախկին ոստիկանն երկու անչափահաս երեխաներին, տարեց ծնողներին պահելու համար ցանկանում է աշխատել, սակայն ապրած սթրեսն ու առողջական խնդիրները թույլ չեն տալիս:
«Դիաբետով հիվանդ եմ, առողջությունս թույլ չի տալիս ծանր աշխատանք անել: Իսկ թեթեւ գործ էլ չեմ կարողանում գտնել»,- ավելացրեց նա:
Նշենք, որ Վարդան Կարապետյանը բնակվում է Աշտարակ քաղաքում:




























