Բանգլադեշում դատարանը տեղաբնակներից մեկին մահապատժի, իսկ մյուսին ցմահ ազատազրկման է դատապարտել 1971թ. Բանգլադեշի անկախության համար պատերազմում 750 մարդու սպանության մասնակցության համար։ Այս մասին տեղեկացնում է AP-ն։
Ռազմական հանցագործությունների դատարանը Շեյխ Սիրաջուլա Իսլամին եւ Խան Աքրամ Հոսեյնին մեղավոր է ճանաչել մի շարք զանգվածային սպանությունների համար, հայտնում է գործակալությունը։ Դատարանի կարծիքով՝ տղամարդիկ սպանել են մոտ 700 խաղաղ բնակչի Բագերհաթ շրջանում եւ 50 մարդու էլ հնդուիստական փոքրամասնության ներկայացուցիչներից, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Հնդկաստանի, Արեւմտյան Պակիստանի եւ Արեւելյան Պակիստանի (որի տարածքում ձեւավորվել է Բանգլադեշը) միջեւ հակամարտությունը շարունակվում էր 1971թ. մարտից մինչեւ դեկտեմբեր։





























