Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բոլոր շրջաններում էլ հանրակրթական դպրոցների ուսուցիչների թափուր աշխատատեղեր կան: Այս մասին NEWS.am-ի թղթակցին ասաց ԿԳ նախարարի տեղակալ Միքայել Համբարձումյանը՝ նշելով, որ թափուր աշխատատեղերի քանակը նախորդ տարվա համեմատ չի փոխվել:

«Բնագիտական առարկաների ուսուցիչների կարիք ունենք, եւ կարծում եմ՝ առաջիկա հինգ տարիներին այդ հարցն ամբողջությամբ չի լուծվելու: Դրան հակառակ՝ կան շրջաններ, որտեղ հումանիտար առարկաներից կադրերի ավելցուկ կա: Օտար լեզվի մասնագետների ավելցուկ էլ ունենք, բայց միայն քաղաքային բնակավայրերում»,- ասաց փոխնախարարը:

Արցախի կրթության եւ գիտության նախարարությունը կադրերի խնդիր լուծելու նպատակով ամեն տարի նաեւ ուղեգրեր է տալիս: Համբարձումյանի խոսքով՝ ուղեգրով աշխատանքի անցնող ուսուցիչների աշխատավարձը նախատեսվածից 50%-ով ավելին է լինում, ինչպես նաեւ գյուղական վայրերում աշխատելու դեպքում բնակարանի վարձավճար են ստանում մինչեւ 20 հազար դրամի սահմաններում:

«Թափուր աշխատատեղերով Հայաստանից էլ են հետաքրքրվում, բայց հիմնական թոշակառու ուսուցիչները, որոնց ասում են՝ Արցախում էլ թոշակառու ուսուցիչներ կան»,- նշեց նա:

Լեռնային Ղարաբաղում Հանրապետությունում ուսուցիչների թափուր աշխատատեղերի մասին լրացուցիչ տեղեկատվություն կարող եք ստանալ հետեւյալ հղումով: