Վալերի Պերմյակովի փաստաբանը դատարանից պահանջում է անկողմնակալ լինել:

Գյումրիում դասալքության, զենք գողանալու եւ ապօրինի զենք կրելու գործով Վալերի Պերմյակովի դատավարությունն անցել է բանավեճերի փուլ (ֆոտոռեպորտաժ):

Դատական նիստի ժամանակ ելույթ ունենալով՝ Պերմյակովի փաստաբան Արթուր Դանիելյանը հիշեցրել է, որ ինքը հանրային պաշտպան է հանդիսանում: «Ինձ համար իրոք հեշտ չէ կատարել այս առաքելությունը»,- ասել է փաստաբանը՝  ընդգծելով, որ ամբաստանյալին մեղադրում են մի քանի ծանր հանցագործություների եւ մեկ ծանր, քրեական ու աստծու դատաստանի, ինչպես նաեւ մարդկային բարոյականության տեսակետից հրեշավոր հանցագործության մեջ: Այդ կապակցությամբ նա դատարանին կոչ է արել չշեղվել գործը ըստ էության քննելուց եւ մնալ անկողմնակալ:

«Ամբաստանյալը ինքնակամ ընդունել  է մեղքը: Նրան ոչ մի դեղամիջոց չեն տվել: Հակասությունները նա ինքը ցրել է: Խնդրում եմ դատարանին թվարկածն առնել ի գիտություն»,- նշել է փաստաբանը՝ հավելելով, որ ինքը չի կասկածում դատարանի արդարությանը:

Պերմյակովն իր վերջին խոսքում եւս մեկ անգամ խոստովանել է մեղքը եւ ընդգծել, որ զղջում է եւ պատրաստ է ընդունել ցանկացած պատիժ:

Ակնկալվում է, որ դատավճիռը կհրապարակվի այսօր՝ ժամը 19:00-ին: