Գիտնականների անցկացրած նախորդ հետազոտությունը ցույց է տվել, որ ուսուցիչները, որոնք անհանգստանում են մաթեմատիկայի համար, աշակերտներին խանգարում են սովորել առարկան: Իսկ հիմա Չիկագոյի համալսարանի մասնագետները վերլուծել են առաջին եւ երկրորդ դասարանների ավելի քան 430 աշակերտի եւ նրանց ծնողների տվյալները:
Ուսումնական տարվա սկզբին եւ ավարտին մասնագետները գնահատել են մաթեմատիկա առարկայից երեխաների հաջողություններն ու դրա հետ կապված նրանց անհանգստությունը: Բացի այդ, նրանք ուսումնասիրել են ընթերցանությունից երեխաների գնահատականները:
Ըստ MedDaily-ի, ծնողները նույնպես պատմել են մաթեմատիկայի հանդեպ իրենց վերաբերմունքը: Նրանց նաեւ հարցրել են, թե որքան հաճախ են երեխաներին օգնել տնային առաջադրանքը կատարելիս:
Science World Report-ի փոխանցմամբ, պարզվել է, որ այն ծնողների անհանգստությունը, որոնք չեն սիրել մաթեմատիկա, փոխանցվել է նաեւ նրանց երեխաներին: Գիտնականները նաեւ հավելում են. հնարավոր է՝ գոյություն ունեն նաեւ այդ խնդրի հետ կապված ժառանգական գործոններ:





























