Իրականում մենք գործ ունենք հայ-ռուսական խեղաթյուրված հարաբերությունների հետ: Այս մասին, այսօր՝ օգոստոսի 13-ին, մամուլի ասուլիսում հայտարարել է Միջազգային եւ անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ղեկավար, փորձագետ Ստյոպա Սաֆարյանը:

Անդրադառնալով Վալերի Պերմյակովի դատավարությանը եւ առաջին դատավճռին, նա նկատել է, որ պատիժը պարզապես ծիծաղ է շարժում: «Եթե ռուսական կողմն իրականում չէր ցանկանում կրքեր բորբոքել, ապա ամբողջությամբ գործը կհանձներ հայկական կողմին»,-ասել է Սաֆարյանը՝ հարց ուղղելով, թե որտե՞ղ կորան վարկածներն այն մասին, որ սա Արեւմուտքի ձեռքի գործն է:

«Պարզվեց, որ սա շարքային հանցագործություն է, որը քննվում էր 8 ամիս շարունակ: Ես չեմ հավատում կարծիքներին ու վարկածներին, որոնք հնչեցին դատավարության ժամանակ: Անվստահելի է նաեւ հանցագործության մոտիվը, որ Պերմյակովն ուզում էր փող վերցնելու մեկնել Չիտա: Վերջապես, փոքրիկ երեխայի դաժան սպանությունը ոչ մի կերպ չի տեղավորվում տրամաբանության մեջ»,-ընդգծել է Սաֆարյանը: Նրա խոսքով, հայկական կողմը պետք է շարունակի Գյումրիում Ավետիսյանների սպանության այլ վարկածների քննությունը:

Նշենք, որ օգոստոսի 12-ին Գյումրիում ՌԴ Հյուսիսկովկասյան մարզային զինվորական դատարանի ենթակայության ներքո գտնվող ռուսական կայազորային զինվորական դատարանը ռուսական ռազմակայանի զինծառայող Պերմյակովին դատապարտել է 10 տաևրվա ազատազրկման՝ դասալքության համար:

Ավետիսյանների ընտանիքի սպանության մասով քրեական գործը գտնվում է ՀՀ Քննչական կոմիտեի ենթակայության տակ: