Business Insider կայքը մոլորակի ամենադեկանդենտ (չափից ավելի շքեղ) վայրն անվանել է Դուբայը: Կայքում հրապարակված հոդվածում նշված են Դուբայի 17 ցոփությունները, որոնցից որոշները համեմատելի են գռեհիկ շվայտության հետ: Նախ նշվում է, որ Դուբայի ոստիկանությունը շրջում է 1,79 մլն դոլար արժողությամբ Աստոն Մարթիններով ու ավելի համեստ՝ երեք հարյուր հազար դոլար արժողությամբ Ֆեռարիներով: Համեմատելու համար նշենք, որ Հայաստանի մեծահարուստներից շատերի համար Աստոն Մարթինը նույնպես երազանք է մնում, իսկ հայ ոստիկանը, եթե ողջ կյանքում հավաքի իր աշխատավարձը՝ միեւնույն է չի կարող գնել այս մեքենան:
Ցոփության հաջորդ նշանը կայքը նշում է, աշխարհի միակ յոթ աստղանի հյուրանոց, Բուրջ Ալ Արաբի գները: Այստեղ համարի վարձակալության մեկ օրվա արժեքը կազմում է ավելի քան երեսուն հազար դոլար, այսինքն՝ ավելի շատ քան շատ մարդիկ վճարում են մեկ տարի բնակարան վարձելիս: Հյուրանոցում տասը հազար դոլարով վաճառում են ոսկեջրած iPhone-ներ եւ BlackBerry-ներ:
Դուբայում կառուցում են արհեստական կղզիներ, ոչ թե տարածք չունենալու պատճառով, այլ որովհետեւ շեյխերը ցանկանում են արմավենու տեսքով եւ աշխարհի քարտեզի տեսքով կղզիներ լինեն իրենց երկրում:
Դուբայը միակ վայրն է, որտեղ մի քանի հազար դոլարանոց քաղցրավենիք ու պաղպաղակ են վաճառում: Օրինակ՝ <<Սեւ ադամանդ>> պաղպաղակը, որը պատրաստում են ուտելի ոսկու հավելումով, եւ <<Ընդմիշտ ադամանդներ>> կոկտեյլը, որը կրկին ոսկու հավելումով է պատրաստվում:
Ցուցակում հիշատակվում է նաեւ Դուբայի ձիարշավները, որի մրցնակային գումարը սահմանվում է, երբեմն, երեսուն միլիոն դոլար:





























