Հավանական է՝ Թուրքիայում արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացվեն: Այս մասին օգոստոսի 13-ին, հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է երկրի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն, հաղորդում է TRT Haber-ը:
Կոալիցիոն կառավարություն ձեւավորելու հավանակության վերաբերյալ հրավիրված ասուլիսին Դավութօղլուն նշել է, որ իրենք վճռական են՝ շարունակելու ժողովրդի կողմից իրենց տրված հանձնառությունը:
«Կոալիցիոն կառավարություն կազմելու համար տարվող մեր բանակցությունների արդյունքների վերաբերյալ ոչ ոք չպետք է վատատես լինի, կամ էլ փորձի օգտվել առիթից: Որոշ հարցերում իսկապես խորը տարաձայնություններ կան, բայց բանակցությունները պետք է արվեն երկկողմանի ըմբռնման պայմաններում»,- ասել է վարչապետը:
Նշենք, որ Թուրքիայում խորհրդարանական ընտրություններ էին անցկացվել հունիսի 7-ին։ Առ այսօր երկրի իշխանություններին չի հաջողվում կոալիցիա ձեւավորել:





























