Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Հիքմեթ Հաջիեւը դատապարտել է Բրիտանիայի կողմից իրավապաշտպաններ Լեյլա Յունուսի եւ նրա ամուսնու՝ Արիֆ Յունուսի գործով վճռի «նպատակաուղղված քաղաքականացումը»:
«Մենք դատապարտում ենք Լեյլա Յունուսի եւ Արիֆ Յունուսի նկատմամբ առաջին ատյանի դատարանի օգոստոսի 13-ին կայացրած վճռի էությունը խեղաթյուրելու եւ նպատակաուղղված քաղաքականացնելու անընդունելի փորձերը»,-ասված է պաշտոնյայի հայտարարությունում:
Ադրբեջանի ԱԳՆ ներկայացուցչի կարծիքով, «դատական գործընթացի շրջանակներում դիտորդների համար սահմանափակումների մասին հայտարարություններն անհիմն են. դատն ընթացել է բաց եւ ազատ մթնոլորտում»:
Ավելի վաղ Բրիտանիայի Եվրոպայի հարցերով նախարար Դեւիդ Լիդինգթոնը հայտարարել է, որ հիմքեր կան կարծելու, որ դատավճիռը քաղաքական դրդապատճառներ ունի, եւ որ դիվանագետներին ու դիտորդներին թույլ չեն տվել ներկա գտնվել դատավարությանը։
«Հատկապես մտահոգում է Լեյլա և Արիֆ Յունուսների առողջական վիճակի վատացումը։ Մենք մեր հանդիպումների ընթացքում պարբերաբար բարձրաձայնում ենք Ադրբեջանում մարդու իրավունքների ծանր վիճակի մասին, և այդ հարցն ուշադրության կենտրոնում ենք պահելու նաև առաջիկայում»,- ասել է բրիտանացի նախարարը։
Հիշեցնենք, որ ծանր հանցագործությունների գծով Բաքվի դատարանը խոշոր չափի խարդախության համար մեղադրվող իրավապաշտպան Լեյլա Յունուսին եւ ամուսնուն՝ Արիֆ Յունուսին դատապարտել է համապատասխանաբար 8,5 եւ 7 տարվա ազատազրկման։
Հետաքննության վարկածի համաձայն, Լեյլա Յունուսը, լինելով «Խաղաղության եւ ժողովրդավարության ինստիտուտի» հիմնադիրը եւ տնօրենը, «հայկական կենտրոնի հետ համատեղ նախագծերի իրականացման քողի տակ միջազգային դոնորական կազմակերպություններից դրամաշնորհներ է ստացել»։
Յունուսն այդ գումարներն իր ամուսնու միջոցով իբր «օգտագործել է՝ բարելավելու այն մարդկանց նյութական վիճակը, ում կարողանում էր հավաքագրել լրտեսական գործունեության համար»։ Ինքը՝ Լեյլա Յունուսը, ամբողջությամբ հերքում է իր մեղքը։
Տնտեսական բնույթի հոդվածներից բացի, ամուսիններին մեղադրում են նաեւ պետական դավաճանության համար, բայց այդ գործն առանձին վարույթում է գտնվում, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը։





























