«Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ խորհրդի նախագահի օգնական Արեգ Սարգսյանը «ոչ պրոֆեսիոնալ և ծիծաղելի» է համարում «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանի հայտարությունն այն մասին, թե «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ-ի միջոցով ՀՀ իշխանությունները սադրել են օգոստոսի 14-ին ՀԿ գրասենյակում տեղի ունեցած ծեծկռտուքին մասնակից ժառանգականներին:
«Արմեն Մարտիրոսյանի այդ հայտարարությունը կարդալուց հետո մի 5 րոպե ծիծաղել եմ: Չնայած դա իրենց կուսակցության բնորոշ գծերից է՝ ամեն ինչ վերագրել իշխանությանը։ «Ժառանգություն» կուսակցությունը ոչ պրոֆեսիոնալ հայտարարություններ ու սադրանքներ է տարածում մեր հասցեին»,-ասաց Արեգ Սարգսյանը:
Արմեն Մարտիրոսյանի հայտարարությունը, թե ժառանգականների վրա 15 ՀԿ անդամներն են առաջինը հարձակվել և ծածկռտուք սկսել, Արեգ Սարգսյանը սուտ անվանեց՝ պնդելով, որ ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանի վրա առաջինը հարձակվել են իրենց գրասենյակ գնացած 7 ժառանգականները: Իսկ Նարեկ Սամոսնյանը պաշտպանվելու համար իրեն ամրակցված գազային ատրճանակով կրակել է օդ:
«Արմեն Մարտիրոսյանը ներկա չի եղել և մեկնաբանություններ է տալիս, թե ինչպես է դեպքը տեղի ունեցել, այդ ինչպե՞ս: Ասում է` իրենք 5 հոգով են եղել, դա սուտ է, մեր գրասենյակ են եկել 7 հոգով և ծեծկռտուք սարքել: Մենք ձայների վրա ենք գնացել Նարեկի սենյակ, տեսել ենք, որ ծեծում են նրան: Պաշտպանվելու համար օրենքով սահմանված կարգով՝ չխախտելով օրենքի ոչ մի կետ, իրեն ամրակցված զենքից գազային ատրճանակով Նարեկը կրակել է օդ և տեղի է ունեցել այն, ինչ տեղի է ունեցել»,-ասաց նա:
Արեգ Սարգսյանը նշեց, որ Հովսեփ Ղազարյանը և նրա ընկերները, իմանալով, որ «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ անդամները զանգել են ոստիկանություն, անմիջապես դիմել են փախուստի:
«Դեպքից անմիջապես հետո ոստիկանությունը ժամանել է դեպքի վայր, Հովսեփ Ղազարյանն ու իր ընկերները դիմել են փախուստի, հարց է առաջանում` եթե նրանք մեղավոր չէին, ապա ինչու՞ հենց իմացան, որ ոստիկանություն է գալիս, փախան: Եթե մենք ենք մեղավոր, ինչպես Արմեն Մարտիրոսյանն է ասում, ապա ինչու՞ ոստիկանությունում մենք որպես տուժող կողմ ենք ներկայացված, բացի այդ, եթե մեր գրասենյակում այդ պահին քննարկում էր ընթանում, այլ հյուրեր ունեինք, ինչպե՞ս ենք Հովսեփ Ղազարյանին նույն ժամին կանչել՝ ծեծելու համար»,-ասաց նա:
Ավելի վաղ NEWS.am-ը տեղեկացրել էր, որ օգոստոսի 14-ին, «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ գրասենյակում ՀԿ անդամների և «Ժառանգություն» կուսակցության միջև տեղի է ունեցել ծեծկռտուք: «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ գրասենյակից NEWS.am–ին պատմել էին, որ ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանի հարցազրույցից հետո, որում նա քննադատել է բոլոր ընդդիմադիր ուժերին, «Ժառանգություն» կուսակցության վարչության անդամ Հովսեփ Ղազարյանը 7 ժառանգականների հետ իրենց գրասենյակ է գնացել «պատասխան ստանալու», ծեծկռտուքը սկսվել է, երբ «Ժառանգության» անդամները հարձակվել են իրենց վրա։ ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանը մարմնական վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել։
«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանն էլ մեզ հետ զրույցում նշել էր, որ «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ-ի միջոցով ՀՀ իշխանությունները «պրովոկացիայի» են ենթարկել «Ժառանգություն» կուսակցության անդամներին: Նրա խոսքով՝ «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ գրասենյակում 5 ժառանգականների վրա հարձակվել և ծեծել են 15 ՀԿ անդամներ:
Դեպքի առնչությամբ գործ է հարուցվել, նախաքննություն է ընթանում:





























