Լեհաստանում ՀՀ դեսպան Էդգար Ղազարյանը նախօրեին այցելել է Լեհաստանի Զամոսչ քաղաք: Այցի ընթացքում դեսպան Ղազարյանը հանդիպում ունեցավ քաղաքապետ Անդժեյ Վնուկի հետ:
Հանդիպման ընթացքում դեսպանն իր երախտագիտությունը հայտնեց քաղաքապետին` Զամոսչում գտնվող եզակի հայկական մշակութային ժառանգության հանդեպ ցուցաբերած հոգատար վերաբերմունքի համար:
Զրուցակիցները քննարկեցին նաեւ Հայաստանի եւ Լեհաստանի համայնքների միջեւ ապակենտրոնացված համագործակցության եւ այդ գործընթացում Զամոսչ քաղաքի մասնակցության հնարավորությունները եւ հեռանկարները:
Այնուհետեւ դեսպան Ղազարյանը Զամոսչի թանգարանի տնօրեն Անդժեյ Ուռբանսկու ուղեկցությամբ շրջայց կատարեց դեռեւս 1992 թվականից ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային մշակութային ժառանգության ցանկում ներառված Զամոսչի հին քաղաքի կենտրոնական մասում, այցելեց վերանորոգված «Արսենալ» թանգարան, ծանոթացավ քաղաքի պատմությանը: Դեսպանն այցելեց նաեւ քաղաքի կենտրոնում գտնվող Հայկական փողոց եւ այն տները, որտեղ ժամանակին ապրել են մեծ թվով հայեր՝ ծանոթանալով քաղաքի զարգացմանն իրենց նշանակալի ավանդը բերած հայերի պատմությանը:
Նույն օրը դեսպան Ղազարյանը Զամոսչի քաղաքապետ Վնուկի հետ մասնակցեց Զամոսչի թանգարանում նոր հայկական ցուցադրության բացման արարողությանը, որի ընթացքում հանդես եկավ ելույթով: Իր խոսքում դեսպանը նշեց, որ յուրաքանչյուր անգամ մեծ հպարտությամբ է խոսում հայ եւ լեհ ժողովուրդների դարավոր բարեկամության մասին, իսկ Զամոսչ քաղաքը եւ վերաբացված ցուցադրությունը դրա կենդանի եւ վառ ապացույցներից են: Դեսպան Ղազարյանը հիշատակեց նաեւ այն իրողությունը, որ 2013 թվականի հունիսի 26-ին Զամոսչ էր այցելել ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը՝ Լեհաստանի հայ համայնքի ներկայացուցիչների հետ իր հանդիպումը կազմակերպելով հենց այդ պատմական քաղաքում:





























