Խերսոնում դաժանաբար սպանել են տեղի ադրբեջանական համայնքի առաջնորդներից մեկին` գործարար Իլհամ Թագիեւին: Մարմինը գտել են նրան պատկանող «Մերսեդեսում»: Ինչպես ենթադրում է ոստիկանությունը, հանցագործները օգոստոսի 17-ի գիշերն ավտոտնակի մոտ դարանակալ սպասել են Թագիեւին:
«Կոշտ բութ առարկայով» երեք հարված հասցնելով ոչ այնքան երիտասարդ մարդու գլխին, նրան գետին են գցել ու շարունակել են քացիներով ծեծել` ջարդելով երեք կողը: Հետո մարմինը նետել են մեքենայի մեջ, գրպանից հանել հարեւան շենքում գտնվող նրա բնակարանի բանալիները եւ ուղղվել այնտեղ:
Ականատեսների վկայությամբ բնակարանում նրանց այցելությունից հետո ամեն ինչ տակնուվրա էր արված. գաղտնարանների փնտրտուքի մեջ շուռ էին տվել բազմոցները, պոկել գորգերը: Առայժմ հայտնի չէ, թե որքան փող եւ ոսկյա զարդ է գողացվել:
Բայց տեղի լրատվամիջոցները հաղորդում են, որ գողացված գումարը կարող է բավականին մեծ լինել: Որպես մսամթերքի կիսաֆաբրիկատներ վաճառող խոշոր ընկերության տեղական ցանցի ներկայացուցիչ, նա ուրբաթ եւ կիրակի օրերին շրջանի բոլոր «կետերից» հավաքում էր եկամուտը, որ ուղարկեր մատակարար ընկերությանը:





























