Նյարդերը կաթվածահար անող գազի հետքեր են հայտնաբերվել չինական նավահանգստային Տյանցզին քաղաքում տեղի ունեցած պայթյունի վայրում: Փորձագետները դա պարզել են դեռեւս օգոստոսի 16-ին արտակարգ պատահարի վայրից վերցված օդի նմուշների անալիզի արդյունքում:
«Արդյունքները մոտավորապես նույնն են, ինչ անցյալ օրը. Գազանման նյութի երկու տեսակ`նատրիումի ցիանիդ եւ նյարդերը կաթվածահար անող գազ: Այս երկու նյութի ցուցանիշները (օդում դրանց խտությունը) բարձր են», - հայտարարել է հրշեջների պեկինյան ջոկատի պետի տեղակալ Լի Սինհուան:
Պայթյունի հետեւանքների վերացմանը նվիրված մամլո ասուլիսում Տյանցզինի շրջակա միջավայրի պաշտպանության քաղաքային ծառայության փորձագետների խումբը նշել է, որ պայթյունների հետեւանքով տուժածների զննության արդյունքում թունավորման դեպքեր չեն արձանագրվել:
Պայթյունները տեղի էին ունեցել օգոստոսի 12-ին լոգիստիկ «Ժույհայ» ընկերության պահեստում: Արտակարգ պատահարի հետեւանքով զոհվել է 114 մարդ, 57 հոգի համարվում է անհետ կորած: ՉԺՀ-ի Հանրային անվտանգության նախարարության տվյալների համաձայն, պայթյունի վայրում պահվում էին մոտ 3 հազար տոննա վտանգավոր նյութեր, ներառյալ` 700 տոննա նատրիումի ցիանիդ, 800 տոննա ամոնիումի նիտրատ եւ 500 տոննա կալիումի նիտրատ:





























