Գյումրիում մարտի 7-ի ուշ երեկոյան հնչած կրակոցների գործով մի շարք փորձաքննությունների եզրակացություններ արդեն հայտնի են: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց փաստաբան Թամարա Յայլոյանը:
Նա նշեց, որ արդեն ստացել են դատակենսաբանական եւ մանրաթելային փորձաքննությունների եզրակացությունները, նշանակվել է դատագենետիկական փորձաքննություն: Փաստաբանն ասաց, որ եզրակացություններով որեւէ էական հանգամանքներ չեն պարզվել, ընդամենը արյան նմուշներն են համեմատել:
Փաստաբանը նշեց նաեւ, որ գործով այլ քննչական գործողություններ առայժմ չի կատարվել:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Գյումրիի Արցախ թաղամասում` Տերյան փողոցում, գիշերը կրակոցներ են հնչել: Ժամը 23:30-ից մինչեւ 00:30-ը սահմաններում տարբեր վնասվածքներով Գյումրիի բժշկական կենտրոն է տեղափոխվել 6 մարդ: Վիրավորներից 3-ը հրազենային վնասվածքներ են ստացել, իսկ մյուսները վիրավորվել են կտրող-ծակող գործիքներից:
Հիվանդանոց տեղափոխված անձինք են՝ Ղազարյան Սմբատ, Ղազարյան Գագիկ, Ղազարյան Կնյազ, Հակոբյան Վլադիմիր, Գեւորգյան Համլետ, Ղուկասյան Գագիկ: Նրանցից երեքին ծանր վիճակում տեղափոխել էին Երեւանի «Էրեբունի» բժշկական կենտրոն:
Երեւան տեղափոխվածներն են Կնյազ Ղազարյանը (հրազենից ստացված գանգուղեղային վնասվածքով), ով ավելի ուշ մահացել էր, Գագիկ Ղազարյանը (հրազենից ստացված ձախ ուսի հատվածում վնասվածքով) եւ Գագիկ Ղուկասյանը (բութ գործիքով հարվածի հետեւանքով գանգուղեղային վնասվածքով)։
Հիվանդանոց տեղափոխված քաղաքացիները Գյումրիի տարբեր թաղամասերից են՝ Արցախ, Սունդուկյան, Կ. Դեմիրճյան փողոցներից: Կրակոցները հնչել են Տերյան փողոցում` «Պեգաս» խանութի մոտ: Գործի շրջանակներում բերման են ենթարկվել տասնյակ անձինք, եղել են բազմաթիվ խուզարկություններ, մեղադրյալների թիվը 6 է, կային նաեւ հետախուզվողներ:
Նշենք, որ Վերաքննիչ դատարանը վերացրել է Շիրակի մարզի առաջին ատյանի դատարանի որոշումը՝ Հովհաննես Տոնոյանին նկատմամբ որպես խափանման միջոց կալանք ընտրելու վերաբերյալ եւ նրան ազատ են արձակել ստորագրության դիմաց, իսկ մեղադրյալներից Դավիթ Հակոբյանին Վերաքննիչը ազատ էր արձակել 500 հազար դրամ գրավի դիմաց: Շիրակի մարզի դատախազությունն էլ փոխել է մեղադրյալներ Համլետ Գեւորգյանի, Արտակ Ղազարյանի եւ Մերուժան Մովսիսյանի խափանման միջոցը կալանքը, նրանք ստորագրությամբ ազատ են արձակվել: Այժմ մեղադրյալներից կալանքի տակ է միայն Աշոտ Ղուկասյանը:





























