Ամերիկյան Օհայո նահանգում ոստիկանները ձերբակալել են Բելֆոնթեյնի 23-ամյա բնակչուհի Բրիթանի Փիլքինգթոնին, որը մեկ տարվա ընթացքում հաշվեհարդար է տեսել իր երեք որդիների նկատմամբ:

Ձերբակալությունից հետո Բրիթանին բացատրել է, իբր, վախեցել է, որ իր ամուսինն ավելի շատ որդիներին է սիրում, քան դստերը, եւ ցանկացել է նրա ուշադրությունը կենտրոնացնել աղջկա ուղղությամբ:

Նախօրեին Բրիթանին ինքն է զանգահարել 911 ծառայություն եւ տեղեկացրել, որ իր 3 ամսական որդին՝ Նոան, չի շնչում: Երեխային անմիջապես տեղափոխել են հիվանդանոց, սակայն չեն կարողացել փրկել կյանքը:

Ըստ NEWSru.com-ի, Նոայի վախճանից հետո ոստիկանությունն ուշադրություն է դարձրել այն հանգամանքի վրա, որ Փիլքինգթոնի ընտանիքում կարճ ժամանակում տարօրինակ հանգամանքներում երեք մանկահասակ երեխա է մահացել: 2014 թվականի հուլիսի 22-ին վախճանվել է Նայլը, որը նույնպես այդ ժամանակ 3 ամսական է եղել, իսկ 2015-ի ապրիլի 6-ին մահացել է 4-ամյա Գեւինը: Երկու որդիներին մահացած է գտել նրանց հայրը՝ 43-ամյա Ջոզեֆ Փիլքինգթոնը:

Նոայի մահից հետո միայն Բրիթանին խոստովանել է, որ ինքն է սպանել երեք որդիներին: Նա փոքրիկներին խեղդել է՝ նրանց գլուխը փաթաթելով ծածկոցով: